Հայաստան 

Րաֆֆի Հովհաննիսյանը գյումրեցիներին կոչ է անում նորից ոտքի կանգնել

Գյումրիում «Ժառանգություն» կուսակցության վարչության արտագնա  առաջին նիստից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ  եթե Ռուսաստանի Դաշնությունը Վալերի Պերմյակովին չհանձնի հայկական կողմին, ապա ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանի տարածքից։


«Եթե Ռուսաստանի Դաշնության իշխանությունը հանցագործ հրեշին եւ իր ղեկավարներին  չհանձնի հայոց արդարադատությանը, էս բազան եւ սահմանապահները հետը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։


Նա ՀՀ քաղաքացիներին հորդորեց Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների  քառասունքից հետո մեկ մարդու նման պատրաստվել միասնական պայքարի՝ պահանջելով  ոճրագործին հանձնել ՀՀ արդարադատությանը:


«Հասունացել է ժամանակը,  եւ քառասունքից հետո թող ողջ ազգը  եւ քաղաքցիները պատրասռվոն համատեղ միասնական պայքարի, եւ ոչ մեկը թող իմ այս խոսքերը չմեկնաբանի որպես հարգանքի պակաս՝ ոչ ռազմավարական գործընկերոջ, ոչ օտարի, ոչ էլ դե ֆակտո գործող իշխանավորի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։



Գյումրիում կուսակցության վարչության արտագնա առաջին նիստին մասնակցում են Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության մարզային կառույցի անդամները։ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ նիստին քննարկվելու են կուսակցության առաջիկա ծրագրերը, նաեւ սպասվող հանդիպումը եռյակի՝ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» առաջնորդների միջեւ։

Նույն շարքից