Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլս կրտսերը երդմնակալության ժամանակ խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին եւ ներկայացրել դեսպանատան առաջնահերթությունները: Դեսպանը նշել է, որ Հայաստանի հետ ԱՄՆ քաղաքականության նպատակը շատ պարզ է.
«Ազատ եւ բարգավաճող Հայաստան` իր հարեւանների հետ խաղաղ գոյակցությամբ: Իմ առաքելությունն այն է, որ այս առաջնահերթ նպատակին հասնելու համար ցուցաբերեմ աջակցություն Հայաստանի կառավարությանն ու մարդկանց` որպեսզի Հայաստանում ամրապնդվի ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը, տնտեսության լիբերալացումը, առեւտրաշրջանառության մեծացումը մի շարք գործընկեր պետությունների, այդ թվում ԱՄՆ-ի հետ»,- ասել է դեսպանը:
Նա շեշտել է, որ իր եւ դեսպանատան օրակարգում կա երկու կարեւորագույն հարց: Դրանցից առաջինը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է:
«Անցնող տարվա ընթացքում լարվածության մեծացումն ու ԼՂ հակամարտության շփման գծում զոհերի առկայությունը մեզ շատ է մտահոգում: Դա որեւէ ազգի շահերից չի բխում: Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի պատրաստակամությունը` ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Միացյյալ Նահանգները պատրաստ է աջակցություն տրամադրել կողմերին, հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ, փոխհամաձայնեցված կարգավորելու համար»,- ասել է դեսպանը:
Երկրորդ կարեորագույն հարցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: «Երկրորդ կարեւորագույն հարցը, որը հատուկ նշանակություն ունի Երեւանում, 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի 100-րդ տարելիցի ոգեկոչումն է: 1915թվականը մեծ ու հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի համար: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կաշխատի ցույց տալ, որ Միացյալ Նահանգներն ու ամերիկյան ժողովուրդը այս կարևոր պահին իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և երբեք, երբեք չեն մոռանա այս ողբերգությունը, որին զոհ են գնացել մեկ միլիոնից ավելի հայեր»,- ասել է դեսպանը: