Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստագույնս դատապարտում է «Կասեցում» շարժման անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ իրականացված բռնությունը և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները իրական մեղավորներին կբացահայտեն։ Կուսակցությունը միաժամանակ հորդորում է իր գործընկերներին խիստ էմոցիոնալ գնահատականներից զերծ մնալ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Դատապարտում ենք ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ իրականացված բռնությունը, ընդհանրապես մեզ համար անընդունելի և դատապարտելի է բռունցքներով հարցեր լուծելու պրակտիկան։ Ինչպես ցանկացած անօրինական երևույթ, այդ թվում նաև այս բռնի երևույթը մեզ համար խստագույնս դատապարտելի է։ Միևնույն ժամանակ մենք հույս ենք հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն իրենց գործառույթները և կհայտնաբերեն այդ դատապարտելի արարքի իրական մեղավորին»,-ասաց ԱԺ փոխխոսնակը։
Միևնույն ժամանակ Էդուարդ Շարմազանովը հորդորեց իր գործընկներին իրականությունից հեռու հայտարարություններ չանել։
«Հորդորում եմ իմ որոշ գործընկերներին՝ զերծ մնալ խիստ էմոցիոնալ, խիստ սուբյեկտիվ գնահատականներից, որոնց համար միգուցե որոշ ժամանակ անց իրենք էլ կզղջան և միգուցե նաև ամաչեն։ Չի կարելի ամեն հարց տանել էմոցիոնալ դաշտ և անել խիստ էմոցիոնալ, իրականությունից հեռու հայտարարություններ, դա որևէ մեկի շահից չի բխում»,-ասաց նա։