Հայաստան 

Իրենց ծրագրային քաղաքական հիմնական դրույթը գանգստերական Հայաստան ստեղծելն է

Կառավարության դիմաց ԲՀԿ–ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնությությունը դատապարտող քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Արտակ Խաչատրյանը մշտապես եղել է ակտիվ իր հանրային գործունեության մեջ և ըստ այդմ էլ կարող են ենթադրել, որ բռնությունը նրա նկատմամբ քաղաքական հայացքների պատճառով էլ եղել։

«ԲՀԿ-ն իր քաղաքական խորհուրդը հստակ ասել է, որ մեր պահանջներն ուղղված են քաղաքական իշխանությանը, երկիրն իրենց տեսլականով Ապահով Հայաստանից վերածվում է գանգստերական բանդիտական Հայաստանի։ Ոչ միայն Արտակի հետ տեղի ունեցած զազրելի բռնարարքները, այլ Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ բռնարարքները»,– ասաց նա։

«Եթե իրենց նպատակը գանգստերական Սիցիլիա կառուցելն է, ուրեմն քաղաքական իշխանությունը պետք է հայտարարի դրա մասին, որ իրենց գերխնդիրը, իրենց ծրագրային քաղաքական հիմնական դրույթը գանգստերական Հայաստան ստեղծելն է, իսկ ժողովուրդը իմանա, դրա մասին, համարժեք արձագանքի»,- ավելացրեց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, թե ճնշելու փորձերը իշխանություններին չի հաջողվելու։ «Մեր իշխանավորներին պատմություն կխնդրեմ ուսումնասիրել, թե ինչ է լինում այն իշխանության հետ, որը փորձում է բռնարարքներով ճնշել քաղաքացիների ազատ կամքը։

Մենք այստեղ ենք, որպեսզի պահանջենք Հայաստանում օրենքի գերակայություն և մեղավորները բացահայտվեն սեղմ ժամկետում, եթե ոչ, ապա այս ամենին հետևելու են բազմաթիվ հրաժարականների պահանջներ»,- ասաց նա։

Նույն շարքից