Հայաստան 

Մի վախեցեք թոթափել որոշ հաստավիզների լուծը. Ցուցարարները՝ «կարգին» իշխանավորներին

ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման փաստն այսօր ՀՀ կառվարության մոտ էր հավաքել հազարավոր քաղաքացիների: «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսի ներքո բողոքավոր քաղաքացիները, հասարակական-քաղաքական գործիչները պահանջում էին բացահայտել հանցագործությունը և պատժել պատվիրատուներին և պատվերը կատարողներին:

Հավաքվածներից շատերը analitik.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեցին, որ ակտիվիստի հետ կատարվածը պատվեր է , ինչը ժխտել ոչ ոք չի կարող: «Այնպես չի, որ ՀՀԿ-ականները բոլորը վատն են կամ բանի պետք չեն, նրանց մեջ կան նաև նորմալ մարդիկ, ովքեր պատրաստ են ծառայել իրենց երկրին ու ժողովրդին»,-ասաց տարեց մի կին:

 

«21-րդ դարում ենք ապրում, բայց մարդիկ սպանելով, ահաբեկելով ու ծեծելով են հարց լուծում: Մարդու հետ այսպիսի անմարդկային հաշվեհարդար չեն տեսնում, չի կարելի: Այսօր, ոմանք ամեն գնով փորձում են փակել մեր բերանը, ստեղծում վախի մթնոլորտ, որ այսուհետ չկարողանանք, որևէ բառ ասել…իսկ ինչու պիտի չասենք, այլևս հնարավոր չէ այսպես ապրել, բաժակն այլևս լցված է»:

Բազմությունը կոչ էր անում «կարգին» իշխանավորներին՝ չվախենալ և թոթափել երկրի ղեկը վերցրած մի քանի հաստավիզների լուծը և նոր, մաքուր էջից սկսել կառավարել երկիրը:

«Սա խայտառակություն է սրիկանե՛ր, դիմակավորնե՛ր, անամոթնե՛ր, հեռացե՛ք, մենք ձեզ չենք ուզում»,-բղավում էին ցուցարարները ՀՀ կառավարության մատույցների մոտ:

ՀՀ ոստիկանության դիմաց վերջիններին արդեն միացան մի խումբ ԲՀԿ-ական պատգամավորներ. «Եթե այս գործը սեղմ ժամկետներում չբացահայտվի, դա կնշանակի, որ իշխանություններն ի վիճակի չեն ապահովել իրենց երկրի քաղաքացիների անվտանգությունը: Այս գործի բացահայտումը նաև ոստիկանության և իրավապահ համակարգի պատվի խնդիրը պետք է լինի: Մենք պահանջում ենք շատ կարճ ժամանակահատվածում բացահայտել և՛ կատարողներին, և՛ պատվիրողներին»,- հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ վերջին շրջանի հաշվեհարդարները խոսում են այն մասին, որ հայ ժողովուրդը ապրում է ոչ թե ապահով, այլ գանգստերական Հայաստանում, և որ կատարվածի պատասխանատուն իշխանություններն են: «Սա սիցիլիական բանդիտիզմի երկիր չէ, սա ապահով Հայաստանն է: Ամբողջ տարածքը զինված է եղել տեսախցիկներով, եւ եթե այս խայտառակ հանցանքը հաշված օրերի ընթացքում չբացահայտվի, ուրեմն հնչելու են բազմաթիվ հրաժարականների պահանջներ»,-շարունակեց նա:

Հավաքվածները դեպքը բացահայտելու համար մի քանի օր ժամանակ տվեցին ոստիկանությանը և հեռացան:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից