Հայաստան 

Չեմ ընդունում ապրիլի 24-ին «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսն ու շարժումը. Հրանուշ Խառատյան

Բերձորում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ մինչ օրս տարբեր կարծիքներ ու քննադատություններ հնչեցին թե´ Հիմնադիր խորհրդարանի, թե´ ԼՂՀ և ՀՀ իշխանությունների վերաբերյալ: Ոմանք արդարացնում էին և մինչ օրս էլ «կուրծք են ծեծում»՝ ավտոերթը կազմակերպողների գործողությունները «լույսի ներքո» վեր հանելու և նրանց այդ քայլը՝ հանրությանը որպես փրկություն ներկայացնելու համար:

Որոշներն էլ, ընդհակառակը, դատապարտում են նրանց՝ խորամուխ լինելով դրա կործանարար հետևանքների մեջ: Նախախորհրդարանի նախկին անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, օրինակ, չի ընդունում ապրիլի 24-ին «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսն ու շարժումը: Այդ մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ հանդիպմանը. «Նրանք իմ ընկերներն են, լավ ընկերներ ենք, բայց ես հիմնադիր խորհրդարանի անդամների հետ որոշ հարցերում քննարկման խնդիրներ ունեմ: Այնպես չէ, որ բոլորս կիսում ենք նույն հայացքները…Հիմնադիր խորհրդարանի անդամներն ունեն փաստարկներ, դրանց մեջ կան շատ սթափ փաստարկներ, բայց իրենց որոշ փաստարկների դեմ ունեմ իմ առարկությունները»,- նշեց տիկին Խառատյանը՝ հավելելով, որ շատ հարցերում նաև լինում են տարաձայնություններ:

 

Կոնկրետ Բերձորում տեղի ունեցած դեպքը՝ բռնություններն ու ծեծը, նա հանցագործություն որակեց. «Բռնություն կատարողներին հանցագործների խումբ եմ համարում, իշխանությունն ակնհայտ բաց տեռոր է սկսել քաղաքացիների նկատմամբ…Վախի մթնոլորտ խտացնելը Հայաստանում դարձել է ոճ»,-նկատեց բանախոսը՝ ում գնահատմամբ «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող Արտակ Խաչատրյանի հետ կապվածը ևս տեռոր էր:

 

Ինչ վերաբերվում է նրան, թե այդ դեպքերը կարո՞ղ են ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև սեպ խրել, ազգագրագետն ասաց. «Պետք է միշտ հիշել՝ ում կարող է ձեռնտու լինել այդպիսի սեպը. Հենց որ ասում են` ոմանք ջանում են սեպ խրել, ես կարծում եմ, որ այդ ասողն ինքն արդեն սեպ է խրում, քանի որ այդ ովքերն են այդ «ոմանք»-ը…Սեպ խրելու մասին խոսակցություններն անլուրջ են թվում, երբ այդ մասին խոսում են ՀՀ և ԼՂՀ քաղաքական գործիչները»:

 

Հրանուշ Խառատյանն այն կարծիքին է, որ ԼՂՀ և ՀՀ-ի միջև «սեպ խրելը» ձեռնտու է թե´ ՌԴ-ին, թե´ վաղեմի ոչ այնքան բարյացակամ հարևաններին, բայց հայկական ու արցախյան իրականությունում դա որևէ մեկին ձեռնտու չէ:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից