Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը միանշանակ ճիշտ է համարում, այսօր «Եղվարդշին» ընկերության քայլերից հուսահատված գյուղացիների փաստարկները, սակայն ոչ բողոքի ակցիան իրենց համայնքում:
«Իհարկե, գյուղացիները ճիշտ են, դրա մասին ոչ մի խոսք, «Եղվարդշինն» է մեղավոր , բայց չեմ կարծում, որ սահմանային գյուղում ընկալելի է նման ձևով հարցեր լուծելը: Չգիտեմ ինքնահրկիզվել, չգիտեմ՝ բողոքի ակցիա»,- Tert.am-ին ասել է Կամո Չոբանյանը:
Հիշեցնենք, որ Newsline տեղեկացրել էր, որ գյուղացիները փակել են ճանապարհը և անգամ նրանցից մեկը ինքնահրկիզման փորձ էր արել:
Նշենք, որ գյուղացիների պնդմամբ՝ այս ընկերության շինաշխատանքների հետևանքով համայնքի այգիներ են վառվել և պատճառվել է մեծ նյութական վնաս: «Պրոցեսը գնում է, արդեն վեց ամիս է անցել, ոչ մի տեղաշարժ չկա»,- ասաց գյուղապետը:
«Մեզ մոտ մասնագետները հաշվել են, 15 միլիոն են հաշվել, մնացել է 4 հոգի, ընկերության տնօրենը եկել, առաջարկել է ամենքին 300 000 հազար դրամ, այսինքն՝ 1 մլն 200 հազ. դրամ»,- տեղեկացրեց գյուղապետը:
Ըստ նրա ՝ գյուղացիները ցրվել են տներով, «Եղվարդշինից» էլ իրեն տեղեկացրել են, որ վաղը կհանդիպեն կքննարկեն: