Հայաստան 

Հայոց ցեղասպանության հռչակագիրը հաջող փաստաթուղթ է. Արման Նավասարդյան

Հայոց ցեղասպանության հռչակագիրը հաջող փաստաթուղթ  է և միտված է դեպի ապագան: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

 

Դիվանագետը կարծում է, որ այն պետք է դառնա միջազգային  փաստաթուղթ:  «Մեր դիվանագիտությունը պետք է միտված լինի այս փաստաթուղթը դնել միջազգային հարաբերությունների հիմքում»,- ասաց նա:

Արման Նավասարդյանը նկատեց, որ պետք է հաշվի առնել նաև Թուրքիայի հակազդեցությունը, և պետք է սպասել մոտեցումների սաստկացման: Իսկ, թե ինչ ճանապարհով կլինի Թուրքիայի այդ սաստկացումը, դժվար է ասել, սակայն հաշվի առնելով, որ «իր կողքին որպես համախոհ ունի խամաճիկ պետություն Ադրբեջանին», ամեն ինչ  կարելի է սպասել:

Դեսպանն անհրաժեշտ է համարում նաև հետ կանչել Ցյուրիխյան արձանագրությունները: «Փաստաթուղթը համարձակ քայլ է և առաջին անգամ իրերը դնում է իրենց կետերի վրա: Մինչ հիմա սփյուռքին էր պատկանում այդ հարցի մենաշնորհը, իսկ հիմա պետական մակարդակով է դրվում այդ հարցը»,- ասաց նա և նշեց, որ Թուրքիայի համար ամենասարսափելին պահանջատիրության հարցն է։

Ինչ վերաբերվում է Լևոն Տե-Պետրոսյանի քննադատություններին հռչակագրի վերաբերյալ՝ նա ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանը լավ, խելացի քաղաքագետ է, սակայն ամեն մարդ ունի իր մեկնաբանման տեսակետը»,- ասաց նա և նշեց, որ ավելին այս փաստաթղթից պետք էլ չէր սպասել և համաձայն չէ, որ այն  գավառամտություն է և  ամբողջ հայության միասնականության գաղափարը չի ներկայացնում: Նա նշեց,որ շեշտակի պահանջատիրության հարց դնելու պարագայում պետք է ունենալ ռազմական ներուժ:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին, նա ասաց, որ երկնքում ճախրում է մեծ պատերազմի վտանգը: Ինչ վերաբերում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի հարցին, ասաց, որ Ռուսաստանը Պերմյակովին չի հանձնի մինչև չիմանա, թե դրա հետևում ով է կանգնած, քանի որ գուցե Թուրքիան է կանգնած:

Նույն շարքից