Հայաստան 

Ալիևի դիրքորոշումը հոգնեցրել է ոչ միայն միջազգային, այլև սեփական հանրությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Իլհամ Ալիևի դիրքորոշումը հոգնեցուցիչ է դարձել ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև Ադրբեջանի հասարակության համար:

«Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի քաղաքագետ Արաստուն Օրուջլուի՝ Ալիևին ուղղված բնութագրմանը: Ադրբեջանցի քաղաքագետը «միանգամայն ծիծաղելի» էր բնութագրել Մյունխենի անվտանգության համաժողովում Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարություններն ու առաջարկները:

«Նման հայտարարություններ անելով՝ պարզ է, որ ծրագրային և հիմնավորված լուծումներ, այդ թվում՝ Ադրբեջանի հասարակությանը, չի առաջարկում: Բնական է, որ որոշ ժամանակ անց, պետք է սկսվի բողոքի ձայն բարձրանալ, և հենց այդ տրամաբանության մեջ են նման մեկնաբանություններն ու նախագահին ծաղրելը»,- ադրբեջանցի գործընկերների պահվածքը մեկնաբանել է հայ քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ` Ադրբեջանում քաղբանտարկյալների վիճակի մասին տեղեկատվությունն այնքան հասանելի է Եվրոպայում, որ Ալիևին ամենուր դիմավորում են բողոքի ցույցերով:


«Իսկ Ալիևն ակնհայտ սուտ է խոսում միջազգային այդ ատյաններում: Թերևս այդ բացահայտ ստի և կեղծիքի պատճառով է, որ ադրբեջանցի քաղաքագետները ստիպված են լինում նման մեկնաբանություններ անել»,- ասել է հայ քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության վիճակի մասին այնքան նյութեր կան, որ անգամ Ադրբեջանի ներքաղաքական կյանքով չհետաքրքրվող մարդիկ գիտեն, ու դա հանրահայտ ճշմարտություն է:


Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե Ադրբեջանում տեղեկատվության պակաս կա, ապա, ըստ Մելիք-Շահնազարյանի՝ անգամ այդ քիչ տեղեկատվությունը միանգամայն բավարար է տպավորություն կազմելու համար:


«Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանում տասնյակներով քաղաքական ձերբակալություններ են եղել, իսկ ձերբակալվածներից շատերը բավականին ակտիվ գործիչներ էին, ունեին շատ մեծ թվով գործընկերներ Արևմտյան երկրներում և իրավապաշտպան կազմակերպություններում: Այս հասանելի տեղեկատվությունն արդեն բավարար է պատկերացում կազմելու՝ թե ինչ է տեղի ունենում այնտեղ»,- նկատել է քաղաքական վերլուծաբանը:


Նրա ներկայացմամբ՝ Ադրբեջանում հալածանքների ենթարկվում են ոչ միայն ակտիվիստները, այլ նաև բնակչության մի զգալի հատվածը: Ադրբեջանական մամուլը, ժամանակ առ ժամանակ, տեղեկատվություն է տալիս որևէ քաղաքում բողոքի ցույցերի, ու դրան հաջորդած ձերբակալությունների մասին:


«Իսկ հետո, թե ինչ է լինում այդ մարդկանց ճակատագրերի հետ, այդ տեղեկատվությունն այլևս հասանելի չէ: Կարծում եմ, դա հասանելի չէ նաև արևմտյան փորձագետներին»,-ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:


Ադրբեջանական կողմի պնդումները, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն սպառել է իրեն, և անհրաժեշտ է նոր ձևաչափ, դժվար թե արձագանք գտնի Արևմուտքում: Քաղաքագետը կարծում է, որ միջազգային հանրությունը հասկացել է, որ այդ ձևաչափն ամենաօպտիմալն է, իսկ ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք բխում են ոչ թե միջնորդներից, այլ հակամարտող կողմերից, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանից:


«Եթե Ալիևն ամբողջ ժամանակն օգտագործում էր պատերազմին պատրաստվելու համար, ապա պարզ է, որ նոր ձևաչափն էլ նրան հարկավոր էր նույն խնդիրը լուծելու համար: Կարծում եմ՝ նրանք չեն կարող հասնել միջնորդների ինստիտուտում փոփոխությունների: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ դրան դիմակայում է նաև հայկական կողմը, ընդ որում՝ բավական արդյունավետ», -պարզաբանել է հայ քաղաքագետը:

Նույն շարքից