Հայաստան 

Կառավարությունը դեմ չէ դեկտեմբերի 9-ն ցեղասպանությունների դատապարտման օր սահմանելու առաջարկին

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Զարուհի Փոստանջյանը, Կորյուն Նահապետյանը, Թևան Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը և Ալեքսանդր Արզումանյանն օրենսդրական առաջարկ են ներկայացրել դեկտեմբերի 9-ը Հայաստանում նշել որպես աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակի օր: Կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի «Հայաստանի Հան­­րապետության տո­ների և հիշա­տա­­կի օրե­րի մա­սին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վե­րա­­բերյալ: Ըստ պատգամավորների ներկայացրած հիմնավորման՝ նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 9-ը որպես աշխարհի բոլոր ցեղասպանությունների դատապարտման եւ հիշատակման օր սահմանելու անհրաժեշտությամբ, ելնելով այն հանգամանքից, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:  


«Այս կարեւորագույն փաստաթղթում տրված է ցեղասպանության, որպես մարդկության դեմ կատարվող միջազգային հանցագործության, ծավալուն սահմանումը: Կոնվենցիայում խոսվում է նաեւ ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին, որի դատապարտումը չի կորցնում իր հրատապությունը եւ պայքարը այդ չարիքի դեմ: Նախագծով հստակեցվում է նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա անվանումը»,-  ասված է պատգամավորների հիմնավորման մեջ:


Նախագծին վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության մասին հարցն ընդգրկված է գործադիրի փետրվարի 12-ի նիստի օրակարգում: Միաժամանակ,  կառավարությունը հայտնում է, որ նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոնները  մասամբ պահպանված չեն և ներկայացրել որոշակի առաջարկություններ:

Նույն շարքից