Հայաստան 

Գագիկ Եգանյանն իր ռուս պաշտոնակցի հետ կքննարկի հայ միգրանտների խնդիրները

Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության իր պաշտոնակիցների հետ աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով, փետրվարի 11-13-ը  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների  նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը գործուղվել է Մոսկվա: Այս մասին  տեղեկացնում են  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:


2015թ. հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսա­կան միության մասին պայմանագիրը: Պայմանագրով անդամ պետություններում կողմերի աշխատանքային միգրանտների համար սահմանվել  են  էապես դյուրացված պայմաններ: Հայաստանից աշխատանքային  միգրանտների գերակշիռ մասը` 96%-ը ուղղվում է դեպի  Ռուսաստանի Դաշնություն, հետևաբար այդ երկրի միգրացիոն օրենսդրության փոփոխություններն անմիջապես ազդում են մեր քաղաքացի աշխատանքային  միգրանտների  վրա:


Մյուս  կողմից, Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության և կիրառվող պրակտիկայում վերջին շրջանում տեղի  ունեցած խստացումների արդյունքում, բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սկսել է կիրառվել ՌԴ մուտքի արգելանք` մինչև 10 տարի ժամկետով: Ռուսական  աղբյուրների համաձայն, նման օտարերկրացիների թիվը 3 միլիոն է: Գնահատականների համաձայն, դրանց թվում են 50-60.000 ՀՀ  քաղաքացիներ, որոնք դուրս են եկել ՌԴ  տարածքից (հիմնականում գտնվում  են ՀՀ-ում) և չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն: 


Այդ անձանց խնդիրներին լուծում տալու նպատակով համաձայնություն  է ձեռք բերվել ՀՀ  ՏԿԱԻՆ  Միգրացիոն պետական ծառայության և Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության  միջև, համաձայն  որի  ՌԴ  մուտքի  արգելքը  բացելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին հավաքվում  և փոխանցվում են ռուսական կողմին:

Նույն շարքից