Հայաստան 

ՀՀԿ-ն միասնական դիրքորոշում է մշակում ԲՀԿ-ի հետ կապված

analitik.am

Հանրապետական կուսակցությունը միասնական դիրքորոշում է մշակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և առհասարակ ներքաղաքական խնդիրների հետ կապված: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ իրենց դիրքորոշումը մշակելուց հետո բոլորին հայտնի կլինի ԲՀԿ-ի գործիչների հայտարարություններին ՀՀԿ-ի պատասխանը:


«Այդ դիրքորոշումը եփվում է և քննարկվելու է: ՀՀԿ-ի աչքից չի վրիպում և ոչ մի հայտարարություն, վարչապետն էլ անվանական արդեն ուղղեց քննադատության և նախազգուշացման նետերը կոնկրետ քաղաքական գործիչների: Բնականաբար ոչ մի բան անպատասխան չի մնում»,-ասաց Աշոտյանը:

 

Պատասխանելով հարցին՝ հնարավոր համարում են, որ ԲՀԿ-ն պահանջի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Աշոտյանը հռետորական հարց բարձրացրեց. «Մենք գիտաֆանտաստիկ ժանրի՞ց ենք խոսում, թե իրո՞ք կարծում եք, որ այդպիսի բան կհնչի: Եկեք սպասենք, ամեն մի քաղաքական ուժ, այդ թվում նաև այն ուժը, որ իրեն վերագրում է ինչ-որ առաքելություն, պետք է կարողանա կարծիք հայտնել, դրան հետամուտ լինել, գործողություններ իրականացնել ու պատասխանատվություն կրել»:

 

Միաժամանակ, Աշոտյանը նշեց, որ այսօր երեկոյան կայանալու է ՀՀԿ խորհրդի նիստը, որից հետո էլ ամեն ինչ պարզ կլինի:

Նույն շարքից