ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը կհամագործակցի նաև ՀՀ ընդդիմադիր դաշտի առաջնորդների հետ: Այս մասին այսօր դեսպանը հայտարարեց իր տված առաջին մամուլի ասուլիսին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստվում է աշխատել նաև ընդդիմության հետ՝ հաշվի առնելով հայ քաղաքական դաշում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:
«Մեր դեսպանությունները ամբողջ աշխարհում, ընդունված է, որ աշխատեն քաղաքական դաշտի բոլոր առաջնորդների հետ: Այս դեսպանատունը կշարունակի աշխատել քաղաքական առաջնորդների հետ՝ ինչպես իշխանության, այնպես էլ քաղաքացիական ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ընդդիմության հետ: Հայաստանի ժողովրդավարության կարևոր կողմերից մեկն այն է, որ կա ընդդիմություն, որը կարող է ազատ աշխատել, խոսել, շփվել դեսպանությունների հետ, սա կարևոր հանգամանք է, որը պետք է պահպանվի»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ վերաբերմունք ունի ՀՀ նախագահի երեկվա ՀՀԿ խորհրդի նիստի ելույթի նկատմամբ՝ ուղղված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, պատասխանեց, որ ինքը ծագումով ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգից է, որտեղ ևս քաղաքական գործիչները հաճախ են իրար պիտակներ կպցնում:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի պահանջին՝ ստուգումներ իրականացնել ընդդիմադիր ուժի տնտեսական գործունեության ոլորտում, ապա դեսպանն ասաց. «Ժողովրդավարության պարագայում, եթե Նախագահի կողմից առաջ են քաշվում ստուգումներ անցկացնելու պահանջ, ուրեմն պետք է դրանք լինեն մանրակրկիտ, թափանցիկ և երկրի օրենքներին համապատասխան»: