Հայաստան 

ԼՂ հակամարտության կարգավորումը չի կարող հիմնված լինել պատերազմի վրա. Ռիչարդ Միլս

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերստին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը չի փոխվել. ԱՄՆ-ը շարունակում է պաշտպանել ԼՂ խնդիրը բանակցային գործընթացի միջոցով կարգավորելու տարբերակը, որը պետք է իրականանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:  Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպան Միլսը ի պատասխան հարցի, թե ԱՄՆ-ն տարածաշրջանում ո՞ւմ վրա է հենվում և ի՞նչ է իր համար Ադրբեջանը, պատասխանել է.


«Կարծում եմ, որ պետք է սկսենք այնտեղից, որ ԱՄՆ-ն պաշտպանում է ԼՂ խնդրի շուրջ բանակցային կարգավորման գործընթացը: Որևէ լուծում չի կարող հիմնված լինել բռնությունների կամ պատերազմի վրա: Մեզ համար անհանգստացնող է լարվածությունը և այն հռետորաբանությունը, որ ԼՂ հարցի շուրջ ձևավորվում է: ԱՄՆ-ն պաշտպանում է Մինսկի խմբի գործընթացը՝ որպես լուծման լավագույն ուղի»:


Միլսը շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:«Մենք մեր գործընկեր պետություններին ասում ենք ու մատնանշում, որ հակամարտության կարգավորման միայն խաղաղ լուծում կարող է լինել` Մինսկի խմբի շրջանակում: ԱՄՆ-ն, Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան բռնության ցանկացած դրսևորում դատապարտելով, քանի որ դա հանդիսանում է կողմերի ստանձնած պարտավորությունների խախտում»,-ասաց դեսպանը` հավելելով, որ Մինսկի խումբը միջնորդական գործունեություն է իրականացնում, և այն չի կարող  որևէ մեկին որևէ բան պարտադրել: Անդրադառնալով ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին` դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն գործընկերային հարաբերություններ ունի թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ:

Նույն շարքից