Հայաստան 

Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը շանտաժ էր. Գագիկ Մինասյան

analitik.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը պատասխանելով լրագողների հարցին, թե հնարավո՞ր է Գագիկ Ծառուկյանն իշխանափոխություն անի և Սերժ Սարգսյանը մինչև 2018թ-ը պաշտոնանկ արվի, ասաց, որ բացառում է նման կտրուկ շրջադարձը: «Դուք արդեն Կիկոսի մահվան սցենարի մասին եք խոսում: Սերժ Սարգսյանը պաշտոնանկ չի արվի»,-շեշտեց պարոն Մինասյանը, այնուամենայնիվ խոստովանելով, որ իրավիճակը բավական լուրջ է:

 

Տեղի ունեցած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը, որը հրավիրել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը , ըստ ՀՀԿ պատգամավորի, շանտաժ էր հենց Ծառուկյանի կողմից. «Շանտաժ էր այն մասով, որ նա ասում է, թե եթե իշխանություններն իրականացնեն քայլեր կամ խոսքեր, որոնք իր գնահատմամբ կլինեն ոչ ճիշտ, ապա ինքը փողոց կհանի հարյուր հազարավոր մարդկանց…Արդյոք մենք պատրա՞ստ ենք մեր ազգային անվտանգությունը դնել լուրջ վտանգի տակ: Ես կարծում եմ, որ ոչ: Դա ուղղակի շանտաժ է, շանտաժ պետության, շանտաժ իշխանությունների և շանտաժ ազգային անվտանգության դեմ: Մենք ունենք մի իրավիճակ, երբ երկրորդ քաղաքական ուժն ուլտիմատում է ներկայացնում իշխանություններին: Պարզապես, այս ուլտիմատումն օրիգինալ է, քանի որ Գագիկ Ծառուկյանը չի ասում, թե որ տարբերակն է ճիշտ: Պատճառն այն է, որ այդ կուսակցության ղեկավարը չունի բավարար որակ, որպեսզի կարողանա ղեկավարել երկրորդ քաղաքական ուժը»,- նշեց նա՝ հավելելով, որ Ծառուկյանը քաղաքական գործիչ չէ. «Դա պետք է հասկանալ ամենասկզբունքային իմաստով. Կուսակցությունը ղեկավարում է մի մարդ, ով իր կողմից իրականացվող քայլերի ողջ գիտակցումը թողնում է կուսակցությունից դուրս»:


Գնահատելով ԲՀԿ առաջնորդի նիստը՝ նա ասաց, որ վերջինիս կողմից նոր բան չասվեց, ասվեց այն ինչի մասին Ծառուկյանը հայտարարել էր խորհրդաժողովի ժամանակ՝ հանրահավաքներ, ցույցեր սկսել. «Դրանք անհնազանդության կոչեր էին, որոնք իսկապես վտանգում են մեր պետության ազգային անվտանգությունը: Մենք պետք է հասկանանք, որ խոսքը գնում է նման երևույթի մասին, և անկախ նրանից, թե ում կողմից կհնչի այդ ելույթը, անթույլատրելի է, հատկապես այն երկրի համար, որը գտնվում է չհայտարարված պատերազմի մեջ»:


Ըստ Գագիկ Մինասյանի՝ «Հանրապետական» կուսակցությունը պատրաստ է քաղաքակիրթ ճանապարհով լուծել բոլոր խնդիրները, անկախ նրանից թե ինչ են պատրաստվում անել ԲՀԿ-ականները:


Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք»։ Փետրվարի 13-ին, ԲՀԿ քաղխորհրդի ժամանակ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել էր, որ «Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը»:



Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից