Հայաստան 

Արտակ Խաչատրյանը մասնակցել է Աբրահամ Մանուկյանի տարածքի խուզարկությանը

analitik.am

 

ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմը, մեր զրույցում հերքեց մամուլում շրջանառվող այն վարկածը, ըստ որի Արտակ Խաչատրյանին առեւանգելուն եւ նրա նկատմամբ բռնություն կիրառելուն կարող է առնչություն ունենալ  ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ինչի հետ կապված էլ նրա տարածքում խուզարկություն է կատարվել:

Այսօր «Փաստինֆոն» տեղեկություն հրապարակեց, որտեղ ասվում էր, որ Քննչական մարմինն արդեն իսկ դատարանից ստացել է Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում` Հայկոպի բազայի տարածքում, խուզարկություն կատարելու թույլտվություն: «Բանն այն է, որ Արտակ Խաչատրյանի` քննիչներին նկարագրած դեպքի վայրը, մեզ հասած տեղեկություններով, համընկել է հենց այդ բազայի տարածքի հետ: Այն, ինչպես հայտնի է, գտնվում է Էրեբունի վարչական շրջանում՝ «տեցի կռուգ» անվամբ հայտնի տարածքում (...) Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը»,-գրել էր «Փաստինֆոն»: 

Արտյոմ Խաչատրյանը խնդրի մասին մեր  հարցը մինչեւ վերջ չլսած, արձագանքեց. «Սուտ է, սուտ է, սուտ է: Ես գիտեմ, տեղյակ եմ, բայց սուտ է»:

Նա հաստատեց, որ քննչական մարմինը այսօր խուզարկել է ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ի տարածքը. «Հա մտել են խուզարկել են, բայց դեռ ոչ մի փաստ չկա: Ես հիմա, որ լսեմ Հռոմի պապի կազմակերպածն է, էլի չեմ զարմանա: Մենք այնքան կուզենանք իմանալ, թե ով է առեւանգել Արտակին եւ ծեծի ենթարկել, բայց չգիտենք, հայտնի չէ: Ես ինքս եղել եմ տեղազննության վայրում, բայց մինչեւ հետ գալը ինձ զանգահարեցին ասացին, որ լրատվամիջոցները նման բան են գրել: Մենք էլ իրար նայում ենք ու զարամնում: Մենք չենք կարողնում մի հատ կապ գտնել, պոչ գտնել, բայց լրագրողները ինչ ասես գրում են»:

Ճշտող հարցին ի պատասխան ԲՀԿ-ական ակտիվիստի եղբայրն ասաց, որ Արտակը այսօր մի քանի ժամ մասնակցել է քննչական փորձարարությանը, խուզարկության վայրում է եղել. «Արտակը չի հաստատել, որ՝ հա, ինձ բերել են էս տարածք, որ էդ տարածքում  է եղել: Նա չի հաստատել դա, ու ես դա հաստատ գիտեմ, ինքն ասել է, որ այս տեղանքին նման է, բայց այդ տարածքում չի եղել»,-մեր զրույցում ասաց Արտյոմ Խաչատրյանը:

ՀՀ քննչական կոմիտեն դեպքից մի քանի օր հետո հաղորդագրություն էր  տարածել նշելով, որ Արտյոմ Խաչատրյանը քննությանն է ներկայացրել տեսագրություն, որից երեւում է, որ դեպքի օրը Խաչատրյանին հետեւել են «Տոյոտա կորոլա» մակնիշի սեւ ավտոմեքենա: Հարցին, թե նա տեղեկություն ունի՞ «Տոյոտա կորոլա» ավտոմեքենայի տերն ու Աբրահամ Մանուկյանը իրար հետ կապ ունե՞ն, թե՝ ոչ, Արտյոմ Խաչատրյանը պատասխանեց. «Ես ինչ իմանամ, ես ոնց կարող եմ իմանալ: Ասում են որ մի քանի 100 հատ այդպիսի մեքենա կա քաղաքում, դեռ չեն գտել ով է»:

Ի պատասխան մեր հարցին, Արտյոմ Խաչատրյանը ասաց, որ չգիտի, թե ինչու՞ են եղբոր առեւանգելու եւ նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպքը կապում ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի անվան հետ: «Հիմա, թե ինչո՞ւ է կոնկրետ այդ վարկածը շրջանառվում, ես չեմ կարող ասել, պետք է համակողմանի քննություն լինի: Սա կարող է նաեւ շեղող վարկած լինել, եթե հաստատվեր, ի՞նչ է՝ գաղտնի՞ էին պահելու, բնականաբար ոչ: Ցավոք սրտի, ոչ մի ռեալ փաստ չունենք, թե ով կարող էր լինել»,-եզրափակեց ԲՀԿ-ական ակտիվիստի եղբայրը:

Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել եւ դաժան ծեծի են ենթարկել փետրվարի 7-ին՝ դիմակավորված մի քանի անձինք: Նրան առեւանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն քրեական գործի շրջանակներում դեռ կասկածյալներ չկան:

 

Նշենք, որ analitik.am-ը ավելի վաղ  անդրադարձել էր Արտակ Խաչատրյանի առևանգման հետ կապ ունեցող հավանական վարկածներին և անձանց:  



armtimes.com


Նույն շարքից