Այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նախագահի ելույթը նախագահին վայե՞լ էր, և արդյոք նույն մոտեցումը, ինչ Ծառուկյանի հանդեպ է կիրառվում, կիրառվելո՞ւ է նաև որոշ ՀՀԿ-ականների նկատմամբ, պարոն Հարությունյանն ասաց. «Սերժ Սարգսյանի պես զուսպ, ամենաբարդ իրավիճակներում հավասարակշիռ դիրք ունեցող պետական քաղաքական գործիչը հանդես է գալիս բավականին կոշտ հռետորաբանությամբ: Ի՞նչն է պատճառը. պատճառը պետք է փնտրել փետրվարի 5-ի խորհրդաժողովում ընդդիմադիր դե ֆակտո ամենաազդեցիկ ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի արտահերթ ընտրություններ իրականացնելու հայտարարության մեջ, երբ վերջինս առաջին անգամ հայտարարեց արտահերթ ընտրություններ իրականացնելու մասին»,-ասաց նա՝ հավելելով, որ մինչ օրս նախագահի հասցեին ով ինչ ասես ասել է, ընդդիմադիր դաշտից նաև, անվանական վիրավորանքներով և այլն, բայց նախագահը երբեք իրեն թույլ չի տվել որևէ բան ասել:
Ինչ վերաբերում է յուրայինների նկատմամբ նույն մոտեցում ցուցաբերելուն, պարոն Հարությունյանն ասաց, որ նախագահը, երբ իր ելույթում նշեց, թե ունի իր մեղքի բաժինը, խոսք էր գնում նրա մասին, որ յուրայինների նկատմամբ կլինենք պահանջկոտ. «հայտարարությունը՝ կարգի հրավիրելու, մատ թափ տալու նման բան է, ուստի նախագահը մարդ է, արյունից և մսից»:
Ըստ ՀՀԿ պատգամավորի, Սերժ Սարգսյանին հունից հանել է նաև այն հայտարարությունը՝ թե «որևէ անզգույշ բառ և հարյուր հազարավորների կհանենք փողոց», ինչը, ըստ նրա, իշխանություններին կարգի հրավիրելու անթաքույց ձգտում է.«Իշխանություններին կարգի հրավիրելու իրավունք իրեն կարող է վերապահել այն անձը, որ նման իրավունք ձեռք է բերել հանրային կյանքում ներդրումներով , իր գործունեությամբ, իսկ նա արդյոք ձե՞ռք է բերել այդ իրավունքը »,-հարցրեց պարոն Հարությունյանը՝ ընդգծելով, որ դա ԲՀԿ-ի կողմից հանդուգն քայլ էր՝ իշխանությունը գրավելու ձգտումով:
Հասմիկ Մովսիսյան