Հայաստան 

ԲՀԿ խմբակցությունը Գալուստ Սահակյանից նամակ է ստացել Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հետ կապված

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանից նամակ է ստացել՝ ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ դուրս գալով ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընթացող խմբակցության աշխատանքային նիստից: Նա նշեց, որ նիստի օրակարգում են եղել ինչպես նամակին պատասխանելու, այնպես էլ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում իրենց հնարավոր բոլոր քայլերը:

«Քննարկվել է նստացույցի, նույնիսկ հացադուլի տարբերակը: Դեռևս պրոցեսը ընթանում է, մենք ունենք նամակ ՀՀ ԱԺ նախագահից՝ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հետ կապված՝ լրացուցիչ պարզաբանումներ տալու հարցով: Նամակագրական պատասխանից հետո լրացուցիչ կտեղեկացնենք, թե ինչ է լինելու»,-ասաց նա:

Հարցին, թե Գալուստ Սահակյանը դեկտեմբերի վերջին հարգելի՞ է համարել Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, Վահան Բաբայանը հաստատեց։ «Այո, նման բան կա, որը քննարկվեց նաև նիստի ժամանակ, կարծում եմ բոլորիդ պարզ, թե ինչու հիմա նման նամակ ստացանք»,-ասաց նա:

Վահան Բաբայանը նշեց, որ փետրվարի 20-ին օրենքի տառին համապատասխան ձևով առաջ են քաշելու իրենց քաղաքական տեսակետները, սակայն դեռևս չգիտեն՝ արդյո՞ք այդ օրը նստացույց կսկսվի:

Նույն շարքից