Հայաստան 

ԲՀԿ-ի շարքերը նոսրանում են

Վաղ առավոտից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից /մասնավորապես Կարո Կարպետյանից ՝ Յուվեցի Կարո/ փորձում էինք ճշտել՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե սեփական կուսակցության շարքերը պատրաստվում է լքել նաև նա:

Analitik.am-ը փորձեց հեռախոսակապ հաստատել հիշյալ պատգամավորի հետ՝ «առձեռն» ճշտելու իմֆորմացիայի հավաստիությունը:

Մեր բոլոր ջանքներն ապարդյուն անցան, քանզի նա կա՛մ անհասանելի էր (ինչպես և մյուս պատգամավորները) կա՛մ չէր պատասխանում հեռախոսազանգերին:

Նույնը կարելի է ասել նաև՝ Արագած Ախոյանի և Գրիգորի Մարգարյանի մասին:

Վերջիններս նույնպես «տեղում չէին»: Պատճառը հասկանալի է՝ ասելիք չկա, եթե կա էլ՝ ձեռնտու չէ, ոչ իրենց , ոչ մնացած կուսակիցներին և, բնականաբար, պետք է լռել:

Այնինչ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ պատգամավոր Կարո Կարապետյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Կարապետյանի դիմումում նշվում է.

«Մեծարգո ԱԺ նախագահ, հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից: Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցություն ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործնեությունը որպես անկուսակցական պատգամավոր»:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Արագած Ախոյանը՝ տեղեկացնելով, որ լքում է կուսակցության շարքերը : Նա նշել է, որ եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների և կստեղծի անհամատեղելիություն նրա հասարակական գործունեության հետ, որպես «Արևմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված է լինելու դադարեցնել իր կուսակցական գործունեությունը:

Գրիգորի Մարգարյանը , որը նույնպես այդ քայլին է դիմել, օրերս հարցին՝ հնարավո՞ր է լքեք կուսակցության շարքերը, ասել էր, որ «Անհնարին ոչինչ չկա այս կյանքում»:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը գնալով նոսրանում են: Առաջին քայլերն արված են : Չի բացառվում, որ առաջիկայում նրանց քայլին կհետևեն այն պատգամավորները ևս, ովքեր չեն ուզում խարխլել պետության հիմքերը:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից