Հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը ԱԺ-ից խիստ նպատակահարմար քայլ է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կոմկուսը:
Հայտարարությունում ասվում է.
«2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ:
Անցած վեց տարիների ընթացքում Հայաստանը հետեւողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում, սակայն Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, նախապայմանների շարունակաբար արծարծումը հանգեցրեցին 2010թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի կողմից` արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին հրամանագրի ստորագրմանը:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչումը, դա խիստ նպատակահարմար քայլ է, որով մեկ անգամ եւս արտահայտվեց մեր սկզբունքային վերաբերմունքը այդ՝ փակուղի մտած գործընթացի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվեց 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրություն» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն» ստորագրեցին, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն արդեն 2009 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման: 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կանգնեցնելու մասին՝ փաստելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Փաստաթղթերի վավերացման գործընթացը Թուրքիայի խորհրդարանում նույնպես սառեցված է: