Հայաստան 

ԱԺ-ին լրացուցիչ պարզաբանումներ չի ներկայացրվել Գագիկ Ծառուկյանի կողմից

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառույանը իր բացակայությունների մասով ԱԺ-ին լրացուցիչ պարզաբանում չի ներկայացրել:


Այսօր՝ ժամը 16:00-ին, ավարտվել է  ԱԺ քվեարկություններից Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու վերջնաժամկետը: Արդյոք Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է լրացուցիչ պարզաբանումներ հարցով դիմեցինք ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին, ով փոխանցեց հետեւյալը. «Ժամը 16.00-ի դրությամբ Գագիկ Ծառուկյանից ԱԺ-ն ձեր նշած հարցով պատասխան չի ստացել»:


Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։


Նշենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ գործընթաց է սկսվելու Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ, նշելով, որ 2013-2014թթ. ՀՀ ԱԺ 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին:


Այնուհետեւ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ԱԺ նախորդ՝ աշնանային նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 4-ն ընկած ընթացքում ամենաշատ բացականեր ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա 55 անգամ չի ներկայացել նիստերին:


2-րդ տեղում  ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է. ունի 48 բացակա:


3-րդ տեղում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է՝ 46 բացակա:


4-րդ տեղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանն է՝ 41 բացակա:


5-րդ տեղում ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն է՝ 33 բացակա:


6-րդը դարձյալ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն է՝ «Յուվեցի Կարոն»՝ 33 բացակա:


7-րդը ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանն է՝ 32 բացակա:


8-րդը՝ «Երդվյալ ազատամարտիկներ» ՀԿ նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանն է՝ «Ծաղիկ Ռուբոն»՝ 31 բացակա:


9-րդը գյումրեցի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է՝ 31 բացակա:


10-րդ հորիզոնականը զբաղեցնում է նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ, այժմ ԲՀԿ շարքերը համալրած պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ 29 բացակայություններով»:


Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:


Ելնելով ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից և համադրելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 8-րդ մասը՝ ակնհայտ է, որ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից բացակայելու առկայության դեպքում Ազգային ժողովի նախագահը պարտավոր է ստորագրել պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն՝ այն սահմանված ժամկետով ուղարկելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Նույն շարքից