Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ի հանրահավաքը: Սպասելի՞ էր արդյոք նման շրջադարձ և ի՞նչ հետևություն կարելի է անել դրանից:
Analitik.am-ի հետ զրույցում այս հարցերի առնչությամբ կարծիքներ հայտնեցին քաղաքագետ Սերգեյ Մինասյանը և քաղաքական գործիչ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Սերգեյ Մինասյանի կարծիքով ԲՀԿ-ի կողմից այս քայլը, որը տարավ հաշտության, սպասելի էր. «Այսպես էլ պետք է լիներ: Այն, ինչ տեղի ունեցավ այս փուլում, կանխատեսելի էր : Ունենք մի իրավիճակ, երբ ԲՀԿ-ն որոշեց նորմալ ձևով մտնել նպատակային դաշտ: Իշխանություններն էլ, իրենց հերթին, օգտագործեցին իրենց լծակները, և այն, ինչ տեղի ունեցավ հանդիպման արդյունքում, մեկ բառով կարելի է ասել, սպասելի էր»,-ասաց քաղաքագետը: Հարցին, թե ինչ իրադարձություններ կարելի է ակնկալել այսուհետ, ասաց, որ ոչինչ.«Այն, ինչ պետք է լիներ, արդեն եղել է»:
Պարույր Հայրիկյանը, ի դեպ, այլ կարծիքի է և, ըստ նրա,հանդիպումը ոչ մի արդյունք էլ չտվեց. «Արդյունք կարող է լինել այն դեպքում, երբ իր թույլ տված սխալները Սերժ Սարգսյանը կուղղի: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ , կարելի է մեկ անուն տալ՝ «դիշովի բազար», որի արդյունքում, պետք է իշխանությունների պահանջները կատարվեին»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ Ծառուկյանը նահանջեց, պարոն Հայրիկյանը նկատեց, որ ոչ թե Ծառուկյանը, այլ հենց Սերժ Սարգսյանը նահանջեց.
«Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը նահանջեց. Նահանջեց Սերժ Սարգսյանը: Ս.Սարգսյանը հո չի՞ ասել՝ այս ինչ օրը պետք է ցույց չանեք: Նա ասել է, որ քաղաքականության մեջ չպետք է լինեն գործարարներ:Այդ իսկ պատճառով, Գագիկ Ծառուկյանի մասին նման բաներ խոսելը սխալ է»:
Եռյակի կողմից հանրահավաքներ կլինեն, թե՞ ոչ, հարցին պատասխանեց, որ իրեն երբեք չեն հետաքրքրել հանրահավաքները, նաև այն՝ թե ինչ պատճառով հետաձգվեց այն:«Հայաստանում, այսօր, հետաքրքրող կարևոր մի բան կա միայն՝ իշխանությունների ապահովում՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը ելակետ ընդունելով:Միայն այս ուղղություններով պայքար չի գնում, մնացածի մասին ես ի սկզբանե ասել էի , որ այդ ամենն ինձ համար երկրորդական կամ երրորդական բաներ են…
Երկուսն էլ /Ծառուկյան-Սարգսյան/ կողմ են, այսպես կոչված, Եվրասիական տնտեսական միավորմանը և Հայաստանի ստրկացմանը Ռուսաստանին: Այդ հարցում նրանք վեճ չեն ունեցել, հետևաբար բոլոր վեճերը մանրուքներ են: Ինչ վերաբերվում է իրենց ներկայացրած հայտարություններին, երկուսն էլ՝ առանձին-առանձին ճիշտ էին: Թե հիմա այդ երկու «ճիշտերը» ո՞նց են միմյանց հետ համաձայնության եկել, իրենց գործն է: Նրանք, ի սկզբանե, միասին էին և հիմա էլ միասին են՝ նույն տիրոջ ձեռքի տակ»:
Այսինքն՝ ուզում եք ասել ամբողջը խա՞ղ էր, հարցին էլ այսպես պատասխանեց. « Ոչ, խաղ չէր. կարելի է այսպես ասել՝ կատվի խաղ, մկան մահ: Իրականում հակասություններ կային, բայց թելադրողը Պուտինն է, երկուսն էլ նրա ծառաներն են: Էդ տեսակ մարդկանց մասին անարժանապատիվ է խոսելը»,-եզրափակեց պարոն Հայրիկյանը:
Հասմիկ Մովսիսյան