Այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն Արմեն Ռուստամյանը նշեց, որ հենց այս հանդիպումից հետո են նման շրջադարձային փոփոխություններ տեղի ունեցել: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հաստատում է, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են:
«Մենք ինչ ասել ենք, հրապարակավ ենք ասել: Այս երկու-երեք օրը մենք իսկապես մեր բոլոր ջանքերը, հնարավորությունները, կապերը օգտագործել ենք, որ հանգուցալուծում լինի, բոլորին բավարարող պայմաններ ստեղծվեն: Մեր տեղեկություններով՝ այդ հանդիպումը կայացել է: Ամենայն հավանականությամբ, այդ հանդիպումը եղել է, որ այսպիսի շրջադարձային փոփոխություններ է եղել»,- ասաց նա:
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իրենք ուրախ են, որ առողջ տրամաբանությունը հաղթանակել է եւ ստեղծվել են լավ նախադրյալներ, որ հետագա քայլերն ուղղվեն ժողովրդի խնդիրների լուծմանը. «Այս տրամաբանությամբ եթե կողմերն առաջնորդվեն, մենք ամբողջությամբ կաջակցենք այսպիսի տրամաբանությամբ զարգացումներին եւ մեր ամբողջ կարողությունը կներդնենք, որ կարողանանք այս լավ ստեղծված նախադրյալներն արժևորել: Չենք համարում, որ սրանով խնդիրները լուծվեցին»:
Հիշեցնենք, որ որ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը փետրվարի 17-ին մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում: Մեկ օր անց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը: