Հայաստան 

ԲՀԿ-ի «մուկն ու կատուն» լրիվ անտեղին է

ԲՀԿ-ն ներկայացնող շուրջ 34 պատգամավորներից ոչ մեկը չի պատասխանում մեր զանգերին: Նրանք կա՛մ չեն լսում այդ զանգերը, կա՛մ անհասանելի են, կամ «սգի» մեջ կամ էլ՝ հիվանդանոցում: Մի խոսքով՝ կորած են: Լավ, նրանց էլ կարելի է հասկանալ՝ ասելիք չունեն, նեղված են…

ԲՀԿ-ականների «մուկն ու կատուն» լրիվ անտեղի է այս պահին, քանի որ այս հարցում ԲՀԿ-ն ինքը պետք է առաջին հերթին շահագրգռված լինի ճիշտ ինֆորմացիա տրամադրել: 

 

Այսօր, երբ ԲՀԿ-ականները չէին պատասխանում հեռախոսազանգերին, ստիպված մեկ այլ կուսակցությունից փորձեցինք նյութեր քաղել: Վերջիններս էլ «մունաթով» պատասխանեցին, թե՝ կարո՞ղ է մենք ԲՀԿ-ի հայտարարությունների մեկնաբաններն ենք, իրենցից հարցրեք: Եվ ճիշտ արեցին: Դիտողությունը տեղին էր: 

Ինչևէ, երկար փորձերից հետո, օրվա վերջում, analitik.am-ը վերջապես կարողացավ հեռախոսակապ հաստատել ԲՀԿ-ականներ Արմեն Ավետիսյանի և Արայիկ Աղաբաբյանի հետ: Առաջինն ասաց, որ չի կարող խոսել, որովհետև այս պահին գտնվում է սգի մեջ և հարմար չի: Ընդունեցինք: Երկրորդը՝ Արայիկ Աղաբաբյանը, որը հիվանդանոցում էր և կոկորդի վիրահատություն էր տարել, մեծ դժվարությամբ պատասխանեց մեր երկու հարցերին: ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը շարունակելո՞ւ է մնալ քաղաքականությունում հարցին՝ պարոն Աղաբաբյանը պատասխանեց, որ «իհարկե, մնալու է»: Հաջորդ հարցին, թե ԲՀԿ-ն այսպիսի շրջադարձ կանխատեսո՞ւմ էր, երբ կողմերի հարաբերությունների սրացումից հետո բանակցություններ և հաշտություն կլինի, ասաց, որ դա արվել է միայն ժողովրդի շահերից ելնելով: Քանի որ պատգամավորը վատառողջ էր և դժվարությամբ էր խոսում, հանգիստ թողեցինք նրան:

 

Հ.Գ. Կարծում ենք, չի խանգարի անդրադառանալ ՀՀ տեղեկատվության ազատության մասին օրենքում տեղ գտած հոդված 12-ին, որտեղ սևով սպիտակին գրված է.
Տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով՝


1) ապահովել տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը.

2) տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի և իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն:

Հետո էլ, հարգելի պատգամավորներ, խոսում եք թափանցիկ աշխատելու մասին՝ մոռանալով, որ մեր օպերատիվությունն ու «հավաստիությունը» բխում է հենց ձեզանից:



Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից