Հայաստան 

Ո՞րն է այդ պայքարի ձևը, եղբա՛յր․ ազատամարտիկները հիասթափված են

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո շփոթված ու հիասթափված էր ոչ միայն հանրության մի մեծ հատվածը, այլ, ինչպես analitik.am-ին մոտ կանգնած աղբյուրներն են տեղեկացնում, ազատամարտիկներն ու հասարակական տարբեր կազամակերպություններ։

 

Երեկ և այսօր փորձեցինք կապ հաստատել ազատամարտիկներից մի քանիսի հետ՝ տեղեկանալ․ ի՞նչ են պատրաստվում անել, հարցի ինչպիսի՞ լուծում են տեսնում։ Վերջիններս, հիմնականում խուսափողական պատասխաններ էին տալիս , ասելով, որ սպասենք՝ կերևա, կամ ՝ խորհրդաժողով ենք անում, ոչինչ չենք կարող ասել և նմանատիպ այլ պատճառաբանություններ։ Օրինակ, Գորիսում գտնվող Ազատամարտիկների  կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանն ասաց, որ այնքան էլ տեղեկացված չէ՝ ինչ է կատարվում երկրում՝ նույնիսկ չի լսել նախագահի ելույթը, առավոտ դուրս է գալիս գործերով, երեկոյան նոր տուն վերադառնում․ «կտեղեկանամ, հետո զանգեք»,-ասաց նա։

 

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը նույնպես ասաց, որ այս պահին իրենց գործողությունների մասին ոչինչ ասել չի կարող՝ «խորհրդաժողով ենք անում՝ որոշենք մեր անելիքները, հիմա չեմ կարող պատասխանել»։

 

Ըստ լուրերի, ԲՀԿ քաղխորհրդին հաջորդած իրադարձությունները՝ մասնավորապես Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը և փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելու հանգամանքը, խիստ զայրացրել է ազատամարտիկներին։

 

 «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության անդամները նույնպես դժվարին կացության մեջ են։ Նրանցից մեկը, որը ցանկություն հայտնեց խոսել /միայն մի պայմանով , որ չհրապարակվի իր անունը/, դժգոհեց, որ ԲՀԿ-ն «սառը ջուր» լցրեց իրենց հույսերի ու սպասելիքների վրա․«Բա կարելի՞ է մարդկանց հուսախաբ անել։ Աշնանը ոչինչ չեղավ, խոստացան գարնանը։ Հիմա էլ՝ թե ժողովրդի շահերից ելենելով այլ պայքարի ձև գտնենք։ Ո՞րն է այդ ձևը, եղբայր։ Եթե սա պետք է լիներ վերջը, ինչո՞ւ մեզ ոտքի հանեցիր, հույսեր, իշխանափոխության խոստումներ տվեցիր»,-ասաց «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության ներկայացուցիչը:

 

 Հիշեցնենք՝ Ծառուկյանի հայտարարության մեջ նշվում է, թե «Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում: Թե իշխանության, թե ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»:

 

Հ․Գ․ Ակնհայտ է, որ այս հայտարարությունը չեն կիսում իշխանափոխության տենչով վառված ազատամարտիկները և ինչպես մեր զրուցակիցը նշեց, անկախ ամեն ինչից, փետրվարի 20-ին լինելու են Ազատության հրապարակում և պահանջներ ներկայացնեն։

 

 Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից