Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Շրջանառության հարկի մասին» և հարակից «Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ փոփոխությունը վերաբերում է առևտրական ու առուվաճառքի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորմանը:
Վ. Միրումյանի խոսքով քննարկումները բավական երկար են եղել, խնդրի հանգուցալուծման նպատակով: «Կան մի քանի մոտեցումներ, այդ թվում նաև խորհրդարանական խմբակցությունների կողմից, հաշվի ենք առել նաև տնտեսվարող սուբյեկտների առաջարկությունները»,-ասաց նա:
«Մենք երկու օր կքննարկենք ու կուղարկենք Ազգային ժողով: Իրոք պետք է քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ՓՄՁ-ների, ՀԿ-ների, խորհրդարանական քաղաքական ուժերի հետ»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը առաջացրել էր տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունները: