«Ժառանգություն» կուսակցությունն այսօր նիստ կգումարի՝ որոշելու հետագա քայլերը։ Այդ մասին analitik.am-ին հայտնեց Ժառանգության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը․«Վարչությունը քննարկելու է և որոշում է կայացնելու հետագա ընթացքի հետ կապված, դրա համար նախապես ոչինչ չեմ ուզում ասել։ Միայն մի բան կարող եմ ասել, որ պայքարը շարունակվելու է»։
Հարցին՝ պայքարը հանրահավաքների տեսքո՞վ է շարունակվելու և, առհասարակ, հանրահավաքներ կլինե՞ն թե ոչ, ասաց, այդ հարցը նույնպես այսօր կորոշվի․«Անկախ ամեն ինչից Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավատարիմ մնալով իր նախնական որոշմանը, փետրվարի 20-ին լինելու է Ազատության հրապարակում»,-ասաց նա ։
Մեր դիտարկմանը՝ եթե «Ժառանգության» առաջնորդը հրապարակում է լինելու, բնականաբար կլինեն նաև ժողովուրդ և կարելի է ասել, նախատեսված հանրահավաքը կայանալո՞ւ է, պատասխանեց մեկ բառով՝ «այո»։ Հարցին՝ «Ժառանգությունը» եռյակից դուրս գալու մտադրությունի ունի, թե ոչ, Սանասարյանը դաձյալ դժվարացավ պատասխանել, նշելով, որ այդ հարցը առայժմ պարզ չէ․ Պարզ կլինի երեկոյան, նիստից հետո ։
Մամլո խոսնակը պայքարը շարունակելու վերաբերյալ կարևորեց քաղաքացիների չհիասթափվելու հանգամանքը․«Թե ինչ ձևաչափով կշարունակենք դեռ պարզ չէ, բայց այն, որ պայքար լինելու է, միանշանակ է, քանի որ իրենց համար /կուսակցության-Հ․Մ․/ ոչինչ չի փոխվել։
Համաձայն Հայ Ազգային Կոնգրես-ի տարածած հայտարարության, նրանք բոլորին հանրահավաքի են հրավիրում մարտի 1-ին։ Հայտարարությունում նշված է, որ ՝ ՀԱԿ-ն ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի հայտարարությանը և հավաստում, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները` իր գործընկերոջ նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով: Սակայն, փետրվարի 20-ի հանրահավաքին չեն մասնակցի:
Քիչ առաջ հայտարարություն տարածեց նաև «Ազատամարտիկների դաշինքը», որով բոլորին մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին հրավիրում է Ազատության հրապարակ տեղի ունենալիք արտոնված համաժողովրդական հանրահավաքին։ «Ազատամարտիկների դաշինքը», համամիտ լինելով իր քաղաքական համախոհների որոշման հետ, հորդորում է Դաշինքի անդամներին ու համակիրներին՝ ձեռնպահ մնալ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախապես հայտարարված հանրահավաքին մասնակցությունից»,-ասված է հայտրարությունում:
Փաստորեն ՝ ոչ իշխանական եռյակից երկուսը հրաժարվեցին մասնակցել հանրահավաքին։ Արդյունքում, ստացվում է, որ Ազատության հրապարակում կլինի միայն «Ժառանգություն»-ը, քանզի, ինչպես հայտարարեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իր ծրագրերը չեն փոխվել, և նա գնալու է մինչև վերջ։ Իսկ թե հանրության շրջանակներից կլինե՞ն մասնակիցներ, և ինչ տրամադրվածությամբ կներկայանան, կերևա փետրվարի 20-ին:
Հ.Գ. Հետաքրքիր է՝ այս տարի էլ Րաֆֆի Հովհաննիսյանը կորոշի հացադուլ անել, թե այս տարի նա ծոմ չի պահելու
Հասմիկ Մովսիսյան