Ինչպես տեղեկացրել ենք, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում է «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» իր նախագիծը:
Ն. Փաշինյանն անդրադարձավ քաղաքական վերջին իրադարձություններին՝ ՀՀԿ-ԲՀԿ հակասություններին: Հետո խոսեց 2008թ. մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեության մասին, որը Սերժ Սարգսյանը լուծարեց:
Ն. Փաշինյանը նշեց, որ փաստաթղթում աշխատել է ներառել այնպիսի կետեր, որոնք կարող ենք ներկայացնել ցանկացած ատյան. «Այո, ես կարծում եմ 2013թ. ընտրությունների արդյունքները կեղծվել են, սակայն ՍԴ-ն այդ ընտրությունների մասին ունի որոշում, որը ՀՀ օրենքներով անփոփոխ է»:
Նա իր նախագծում ներկայացրել է «պետական դավաճանության մեկ դեպք, ութ հանցագործություն՝ պաշտոնական դիրքի չարաշահում»:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, սակայն, կարծում է, որ այս նախագիծը Նիկոլ Փաշինյանի ելույթների ամփոփ ժողովածուն է:
«Չեմ ցանկանում եւ նպատակահարմար չեմ գտնում այս որոշումը քննարկել իրավական հարթությունում: Ես սա դիտարկում եմ՝ որպես քաղաքական հարց: Դեմ ենք, որ նման նախագիծը շրջանառության մեջ դրվի»,- իր խոսքում նշել է ՀՀԿ-ական պատգամավորը: