Հայաստան 

«Իրավաբանական անգրագիտություն է». Ջհանգիրյանը՝ Փաշինյանի ներկայացրած նախագծի մասին

Ինչպես տեղեկացրել ենք, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» իր նախագիծը:


Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:


Նա նախ նշեց, որ նախագծի վերաբերյալ պետք է խոսի որպես իրավաբան: «Ինպիչմենտի ինստիտուտը վերաբերվում է իրավագիտությանը: Մասնավորապես, այստեղ խոսքը որոշման նախագծի մասին է, մատնանշվում են քրեական հանցագործություններ, այսինքն` փաստաթուղթն իրավաբանորեն անգրագիտություն է, ուստի` ես չեմ կարող կողմ քվեարկել այս նախագծին»,- ընգդծեց նա:


«Ջհանգիրյանի` Գլխավոր դատախազ դառնալու երազանքի իրականցումը մեկ օր առաջ փլուզվել է և այդ պաշտոնի համար նոր սցենարներ կառուցելու և նոր տեղերում հայտնվելու անհրաժեշտություն ունեք, պարոն Ջհանգիրյան, և այսօր արեցիք այդ անհարժեշտության առաջին քայլը»,- պատասխանեց Փաշինյանը:


Նրա խոսքով՝ Ջհանգիրյանն ու իր կուսակիցները սկսել են Սերժ Սարգսյանին ընդունել՝ որպես նախագահ, ինչն ինքը չի պատրաստվում անել: «Նրանք ընդունում են Սերժ Սարգսյանին, նամակ են գրում, իրենց խնդիրն է: Թող բաց նամակ գրեն, փակ նամակներ գրեն, ջան ասեն, ջան լսեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

Նախագիծը հանձնաժողովը չընդունեց, հետևաբար՝ այն չի ընդգրկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում:



Նույն շարքից