Հայաստան 

Էդմոն Մարուքյանի դեմ քարոզարշա՞վ է սկսվել

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ իր երեկվա ԱԺ ելույթի հետ կապված շատ դժվարությամբ հաջողվեց հարց ուղղել և պատասխան ստանալ: Վերջինս ամեն կերպ փորձում էր «ցրել»՝ պատճառաբանելով, որ երեկ արդեն ամեն ինչ ասել է:


Պարոն Մարուքյանն իր ելույթում, քննադատելով ընդդիմությանն, ասել էր, որ ոչ միայն իշխանությունները պետք է հեռանան քաղաքական դաշտից, այլ նաև՝ ընդդիմությունը, և ասպարեզ գան նոր մարդիկ, որոնք իսկապես կարող են որևէ բան փոխել համակարգում:


Նման կրքոտ ելույթն, անկեղծ ասած, անկախ պատգամավոր Մարուքյանը վաղուց չէր ունեցել: Այսօր Analitik.am-ը փորձեց անկախ պատգամավորից իմանալ, թե ում նկատի ունի «նոր մարդիկ» ասելով, և արդյոք կա՞ն այդպիսի մարդիկ իր տեսադաշտում: Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ նախագահին իմպիչմենտի ենթարկելուն ուղղված հարցի քննարկմանն էր վերաբերում, որին կողմ քվեարկեցին չորս հոգի: Նա երկրորդ հարցին ընդհանրապես չպատասխանեց՝ ասելով, որ չգիտի և չի կարող մեկնաբանել ընդդիմության հետ կապված հարցերը:


Իր չխոսելու պատճառը պարոն Մարուքյանը բացատրեց այսպես. «Առանց այն էլ լուրջ բան կա իմ դեմ… երեկվանից քարոզարշավ է սկսվել»:  Ինչ վերաբերվում է առաջին հարցին, ասաց, որ այո կան մարդիկ, որ կարող են ինչ-որ բան փոխել. «Նոր քաղաքական մշակույթ է պետք բերել քաղաքական համակարգ: Եվ այո, այն մարդիկ, որ մնում են, բայց ոչ մի շարժ չկա նրանց գործողություններում, ոչ մի տեսլական չկա, անիմաստ է դառնում նրանց այստեղ մնալը… Մարդիկ, այո կան, ես տեսում եմ: Միանշանակ, Հայաստանը դեռ չի սպառել բոլոր հնարավորությունները: Կան այդ մարդիկ, կգան, կտեսնեք»,- եզրափակեց պատգամավորը:


Հ.Գ. Ստացվում է, որ ԱԺ-ում պատգամավորը չպետք է համարձակվի որևէ քննադատություն հնչեցնել, քանզի դատապարտված է ենթարկվելու քարոզարշավի, դա՝ լավագույն դեպքում: Վախի մթնոլորտը, որ տիրում է Հայաստանի Ազգային ժողովում, ամենավտանգավոր և պախարակելի փաստն է գոյություն ունեցող մյուս բոլոր արատավոր երևույթների շարքում:


Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից