Հայաստան 

ՀԱԿ-ի դաշնակից ընկերները նրա կողքին չեն

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով anlitik.am-ի հարցին՝ թե, եթե Բարգավաճ Հայաստանը ՀԱԿ-ի դաշնակից ընկերն է, ապա ինչու՞ երեկ, երբ ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ աշխատանքները, ՀԱԿ-ը չսատարեց իր դաշնակցին՝ չմիացավ նրան ու չբոյկոտեց, ասաց. «Բոյկոտեցինք, էլ բոյկոտելը ո՞նց է լինում: Մենք հենց սկզբում ասացինք, որ առաջարկելու ենք ստեղծել հանձնաժողով, ուսումնասիրելու համար ծառացած խնդիրները, հասկանալու՝ ինչ է կատարվում»: Հարցին՝ «Ժառանգության» հետ ինչպե՞ս են հարաբերությունները և արդյոք ՀԱԿ-ը նրան և՞ս համարում է դաշնակից, ասաց, որ «անշուշտ»:


Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ դաշնակից ընկերը չի ցանկանում մարտի 1-ի հանրահավաքին լինել ՀԱԿ-ի կողքին, պարոն Զուրաբյանը դժվարացավ պատասխանել, առաջարկելով այդ հարցով դիմել իրենց /«Ժառանգությանը»-Հ.Մ./: Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններին և համատեղ պայքարի հնարավորությանը, ասաց, որ ստեղծված իրավիճակը նախ պետք է վերլուծել: «Որոշ գործընկերների հետ մենք պետք է ճշտենք հարաբերությունները, որոշակիացնենք իրավիճակը, բայց, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվում. պայքարը շարունակվում է և մեր նպատակը մնում է անփոփոխ, մենք շարունակելու ենք պայքարը՝ ԲՀԿ-ի հետ, թե առանց ԲՀԿ-ի, միևնույն է»,-ասաց Զուրաբյանը:


«ժառանգություն» ԱԺ խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանին այդպես էլ չհաջողվեց հարց ուղղել, քանզի, ինչպես միշտ, կա՛մ զբաղված է, կա՛մ, ինչպես բարեհամբյուր ժպիտով ասաց Ռ.Հակոբյանի աշխատակցուհին «իր մոտ հյուր ունի»:

Նույն շարքից