Տնտեսություն Քաղաքականություն 

Եգիպտացի գործարարների` 8 հոգուց բաղկացած խումբը Հայաստանում է

analitik.am

Եգիպտացի գործարարների` 8 հոգուց բաղկացած խումբը Հայաստանում է և համագործակցության եզրեր է փնտրում հայ գործարարների հետ:  Կայուն  զարգացման  եգիպտական խորհրդի նախագահ, գործարար Մոտաս Ռասլանի խոսքով` եգիպտական հեղափոխությունից հետո տեղի իշխանությունները փորձում են բիզնես կապեր ստեղծել այլ պետությունների հետ, այդ թվում` Հայաստանի: «Եգիպտոսի քաղաքական և տնտեսական համակարգը վերջին տարիներին մեծ փոփոխություն կրեց,  մենք բռնապետությունից  անցում կատարեցինք դեմոկրատական հասարակարգի:  Ներկա իշխանությունները խրախուսում են  գործարար կապերը  այն երկրների հետ, որոնք մեզ համար դեռևս բացահայտված չէին: Դրանցից են հենց Հարավային Կովկասի պետությունները:  Մեր պատվիրակությունը  կազմում են  տուրիզմի, հանքարդյունաբերության, կահույքագործության, չրերի արտադրության և այլ ոլորտների ներկայացուցիչներ, որոնք հայ գործարարների հետ կփորձեն համագործակցության եզրեր գտնել»,- ասաց Ռոսլանը:

 

Հայ և եգիպտացի գործարարների համար հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը: Պալատի խորհրդի անդամ, Երևանի Առևտրաարդյունաբերական  պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանի խոսքով` սա եգիպտացի գործարարների հետ առաջին համագործակցության փորձն է: «Հայկական բիզնեսը պատրաստ է ամեն կերպ համագործակցել եգիպտացի գործարարների հետ:  Եգիպտական կողմը հատկապես հետաքրքրված է սննդի արդյունաբերության, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և այլ ոլորտներով:  Քանի որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, ապա այս համագործակցությունը եգիպացիների համար կարող է դառնալ նաև միջոց` սահուն  անցում կատարելու ռուսական շուկա»,-ասաց Ալեքսանյանը:

 

Հանդիպման ընթացքում Զարգացման  հայկական  գործակալության  տնօրեն Ռոբերտ Հարությունյանը եգիպտացի գործարարներին ներկայացրեց Հայաստանին, տնտեսության կառուցվածքին և բիզնեսին վերաբերող փաստեր:

 

Եգիպտացի գրծարարների խմբում ընդգրկված էին անշարժ գույքի, զբոսաշրջության և ներդրումային, նավթի և բնական գազի արդյունահանման, ինչպես նաև այլ ոլորտներ ներկայացնող ընկերություններ:

 

Նույն շարքից