ԲՀԿ-ն առանձին կուսակցություն է, ու նրա պատգամավորները գործել են իրենց խղճին համապատասխան: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խղճի խայթ չեն զգում, որ ԲՀԿ-ից մոտ մեկ տասնյակ պատգամավորներ են դուրս եկել:
«Դուք գերագնահատում եք մեր հնարավորությունները: Ես ՀՀԿ խոսնակն եմ ու չեմ պատրաստվում վերլուծություններ անել, թե ինչու են դուրս եկել խմբակցությունից ԲՀԿ-ական պատգամավորները»,- ասաց նա: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը, Շարմազանովը հորդորեց սպասել մինչեւ մարտի 5-ը՝ ԲՀԿ արտահերթ 8-րդ համագումարի օրը.
«Մի հատ տեսնենք՝ մարտի 5-ին ԲՀԿ-ն ինչ է հայտարարում, ինչ է որոշում, ով է մնում քաղաքականության մեջ, ով է դուրս գալիս, նոր ղեկավար են ընտրում, ինչ մեսիջ են ուղարկում հանրությանը, այն ժամանակ կքննարկենք»: Լրագրողների հարցին, թե ինչ պայմանավորվածության են ձեռք բերել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, Շարմազանովը պատասխանեց. «Մարտի 5-ին կկայանա ԲՀԿ համագումարը, այդ կուսակցության մասով կարող եք հարցնել ԲՀԿ գործընկերներին, իսկ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է իր դիրքորոշումը, ավելացնելու բան չկա»: