Հայաստան 

Մի շարք ջրօգտագործողների ընկերություններ կմիավորվեն. Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կարգավորող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ  Սերգո Կարապետյանը:

 

Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։




«Ներկայումս հանրապետությունում գործում են 42 ջրօգտագործողների ընկերություններ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկումների արդյունքում  որոշվել է, որ ՋՕԸ-երի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են որոշակի վերակազմավորումներ», - իր խոսքում նշել է նախարարը:



Նիստում մասնավորապես առաջարկվել է  վերակազմակերպել և միավորել «Ամբերդ» և «Փարպի», «Մուսալեռ», «Ակնալիճ» և «Վաղարշապատ», «Հրազդան-Ջուր» և «Նաիրի», ինչպես նաև «Վայք» և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունները:



Ոչ շահութաբեր ՋՕԸ-երի վերակազմավորումը թույլ կտա ոչ միայն տնտեսել զգալի  ֆինանսական միջոցներ, այլ նաև ապահովել ֆինանսական մուտքերի ավելացում: Միաժամանակ նիստում ընդգծվել է, որ վերակազմակերպումը խոչընդոտներ չի առաջացնի ջրօգրագործողներին ջրի արդարացի բաշխման խնդրում:



Ջրօգտագործողների ընկերությունների միավորման մասին առաջարկությունն ընդունվել է միաձայն կողմ քվեարկությամբ:

Սերգո Կարապետյանը շեշտել է, որ ինչպես և նախատեսվել էր, մարտի 1-ից հանրապետության ՋՕԸ-երը պատրաստ են ոռոգման սեզոնին` հորդորելով  առավել մեծ ակտիվություն ցուցաբերել ջրօգրագործողների ընկերությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Նույն շարքից