Տնտեսություն Քաղաքականություն 

ԱԺ-ն քննարկել է «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագիծը

analitik.am

Հունիսի 10-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ վավերացնելով համաձայնագրերը:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

 

Ներկայացնելով նախորդ տարվա պետական բյուջեի կատարման ֆինանսական հիմնական ցուցանիշները, Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ նախորդ տարում պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 71 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99, 8 տոկոս: 2013 թվականի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 100 տոկոսով, այլ եկամուտների կատարողականը գերազանցել է նախատեսված ցուցանիշը 8,2 տոկոսով: Պաշտոնական դրամաշնորհների մասով արձանագրվել է 66,2 տոկոս կատարողական: Պետական բյուջեի եկամուտների 93, 5 տոկոսն ստացվել է հարկային եկամուտներից եւ պետական տուրքերից: 13,3 մլրդ դրամ կազմել են արտաքին աղբյուրներից ստացված եկամուտները:

 

Ծախսերը նախորդ տարում նախատեսվել էին 1 տրիլիոն 153 մլրդ դրամի չափով, սակայն տարվա ընթացքում այն ավելացել է 109,6 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն 258 մլրդ դրամ: Ծախսային մասի կատարողականը կազմել է 90,8 տոկոս: 2012 թվականի համեմատ՝ 2013 թվականին ծախսերն ավելացել են 2,2 տոկոսով կամ 6,4 մլրդ դրամով: Արտաքին պարտքի սպասարկման նպատակով հատկացվել է 25 մլրդ դրամ: Նախորդ տարում պետական բյուջեի պահուստային ֆոնդից օգտագործվել է 43,2 մլրդ դրամ: 2012 թվականի համեմատ՝ 2013 թվականին պետական բյուջեի պակասուրդն ավելացել է 19,4 տոկոսով: Ըստ այդմ՝ հաշվետու տարում պետական բյուջեի պակասուրդը կազմել է 71,5 մլրդ դրամ:

 

2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 3 մլրդ 899 մլն ԱՄՆ դոլար կամ համախառն ներքին արդյունքի 37,1 տոկոսը: Ինչպես ասաց ՀՀ գլխավոր գանձապետը, 3 մլրդ 391 մլնը ՀՀ կառավարության պարտքն է, մնացած գումարը պարտք է ՀՀ Կենտրոնական բանկը: Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ ըստ գնահատման միջազգային չափանիշների՝ Հայաստանը դասվում նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում:

 

ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը հարակից ելույթում ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նա մասնավորապես նշեց, որ հաշվետու տարվա առաջին եռամսյակում շարունակվել են 2012 թվականին արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերը, ինչը, սակայն, 2013 թվականի երկրորդ եռամսյակից սկսած էապես նվազել է: Արդյունքում՝ տարեվերջին նախատեսված 7,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն արձանագրվել է 3,5 տոկոս տնտեսական աճ: Տնտեսական աճի դանդաղումը պայմանավորված է եղել արտաքին եւ ներքին մակրոմիջավայրերում դրսեւորված ռիսկերի ազդեցությամբ: Հաշվի առնելով 2013-ին ձեւավորված գնաճային միջավայրը՝ ՀՀ Կենտրոնական բանկը հաշվետու տարում անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

 

«ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետությունը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ ՎԵրահսկիչ պալատի եզրակացությունը, ինչպես նաեւ արձանագրած շեղումները ներկայացրեց ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը:

 

Մանրամասն ներկայացնելով պետական բյուջեի եկամտային, ծախսային մասերն ու բյուջեի պակասուրդը, Սեյրան Ավագյանը նշեց, որ փաստաթղթում ամրագրված ցուցանիշներն արտացոլում են 2013 թվականի պետական բյուջեի փաստացի կատարողականը:

 

Փաստաթղթի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարակային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Անդրադառնալով փաստաթղթում ներկայացված եկամտային եւ ծախսային ցուցանիշերին, նա մասնավորապես նշեց, որ թեեւ դանդաղորեն, այնուամենայնիվ 2013-ին շարունակվել են 2012-ին արձանագրված տնտեսական աճի միտումները՝ ապահովելով 3,5 տոկոս տնտեսական աճ: Աճ է գրանցվել գյուղատնտեսության, արդյունաբերության, ծառայությունների մատուցման ոլորտներում, նվազեցում է գրանցվել շինարարության ոլորտում: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալն աճել է 5,6 տոկոսով:

 

Ամփոփելով ելույթը, Գագիկ Մինասյանը փաստեց, որ 2013 թվականին պահպանվել են նախորդ տարիներին արձանագրված տնտեսական զարգացումները, թեեւ արձանագրվել են որոշակի շեղումներ: Նշելով, որ հանձնաժողովի եզրակացությունը դրական է, նա առաջարկեց կողմ քվեարկել փաստաթղթին:

 

Զեկուցողները պատասխանեցին նաեւ պատգամավորների հարցերին:

 

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հունիսի 11-ի նիստում:

 

ԱԺ վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն հատկացվեց պատգամավորների հայտարարություններին:

Նույն շարքից