ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Պետական սահմանի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանային շերտում արգելել արտոնագրման ենթակա առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը, նկատի առնել, որ տնտեսական գործունեություն իրականացնելու համար ՀՀ օրենքներով կարող են սահմանվել այլ պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ:
Գործադիրը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակով հաշվառման համակարգի կիրառության շրջանակը:
Նիստի հավանությունն է ստացել «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի ընդունումը թելադրված է «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխմամբ և աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող իրավական ակտերի ներդաշնակեցմամբ:
Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որի նպատակն է որպես հանցակազմ ձևակերպել առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և խստացնել այս հանցակազմի համար նախատեսված սանկցիան:
Գործադիրը քննարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մեծացնել շրջակա միջավայրին հասցված վնասի պատասխանատվությունը: Կառավարությունը որոշ վերապահումներ է արտահայտել օրինագծի առթիվ՝ տեղեկացնելով նաև, որ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքի նախագիծ, որն արդեն ընդգրկվել է նստաշրջանի օրակարգ, ուստի դեմ է սույն նախագծի ընդունմանը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Սերբիայի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային երկու մասնաշենքում և Աճառյան 44 հասցեի հանրակացարանում բնակվող հինգ ՀՀ քաղաքացիներին է նվիրաբերվել իրենց զբաղեցրած երեք սենյակը:
Գործադիրն ընդունել է Լոռու մարզի Անտառաշենի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Երևանի «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁ ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
Նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2015թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել ԱՄՆ Քլիվլենդի համալսարանի օրդինատուրայի սան Հակոբ Քոչարյանին, ով պարտավորվել է ուսումնառության ավարտից հետո ըստ մասնագիտության երկու տարի աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում: