Եվրոպայից էժան գազ գնելու Ուկրաինայի հույսերն անիրատեսական են, ավելին՝ զավեշտալի, քանի որ Ռուսաստանից գնված գազից առավել էժան գազ գնելու հիմքեր միջազգային շուկայում չկան: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Եվրոպայից գազ ստանալու Ուկրաինայի ցանկությունը պատրանքների դաշտից է: Ենթադրում եմ, որ այդ երկիրը շուտափույթ կերպով, հենց եվրոպացիների հորդորով կապույտ վառելիք կշարունակի գնել Ռուսաստանից: Միաժամանակ հասկանալի է, որ Արևմուտքն Ուկրաինային Ռուսաստանից պոկելու անհագուրդ ցանկություն ունի»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Տնտեսագետի խոսքով, Ուկրաինայի նոր, անփորձ իշխանությունները միամտորեն կարծում են, որ ամեն կողմից և բոլորից կարող են աջակցություն ստանալ: «Սակայն Եվրոպայից էժան գազ ստանալու նրանց ակնկալիքներն իրատեսական չեն, քանի որ ԵՄ-ն ծավալների առումով երբեք չի կարողանա ապահովել Ուկրաինայի գազային պահանջմունքները: Եվրոպայում պարզապես այդքան գազ չկա»,- պարզաբանեց Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ Ուկրաինայի ներկայիս վարքագիծն ուղղակի զավեշտալի է:
Վարդան Բոստանջյանի համոզմամբ, միայն մանկամիտներն են ընդունակ կարծել, որ Արևմուտքը կարող է և ցանկություն ունի հարյուր տոկոսով աջակցել իրենց: «Ուկրաինան պետք է հարաբերությունների այնպիսի մակարդակ պահի Ռուսաստանի հետ, որ հնարավորինս անխոցելի մնա: Այդ երկիրը պետք է հասկանա, որ Եվրոպան առաջնորդվում է բացառապես իր շահերով և դադարեցնի իր արկածախնդիր պահվածքը»,- ամփոփեց տնտեսագետը: