Հայաստանի հանրեպետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպայի ժողովրդական կուսակցության բանաձևը, որ ընդունվել էր Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին՝ ԵԺԿ անդամ 3 կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, «Օրինաց երկրի» ու «Ժառանգության» համատեղ մշակած նախագծի հիման վրա:
Այս մասին ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ շնորհակալություն են հայտնել ԵԺԿ ներկայացուցիչներին:
«Որովհետև այդ բանաձևի հիմքում Հայոց ցեղասպանության հռչակագրի ոգին է, տրված է և՛ «Ցեղասպանություն» եզրույթը, և՛ «դատապարտում» եզրույթը, կոչ կա թե՛ քաղաքական կուսակցություններին, թե՛ եվրոպական և միջազգային կառույցներին՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը: Հստակ նշվում է, որ ժխտողականությունը պակաս վտանգավոր չէ, կարևոր է նաև այն ամրագրումը, որ Ցեղասպանությունն իրականացվել է 1894- 23թթ.՝ աբդուլհամդիյան վարչակարագից սկսած»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ 9 կետից բաղկացած բանաձևում ասվում է.«Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից՝ 1894-1924 թվականներին: Դրանք են՝ հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև՝ ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը` որակելով դրանք որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանություններ խրախուսելու միտում»: