Հայաստանի հանրապետական կուսակցությունն այս պահին որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկել: Հնարավոր է՝ որոշ ժամանակ անց այլ իրավիճակ լինի, բայց այս պահին նման քննարկում չի եղել: Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Հաջորդ հարցին, թե 20 օր չի անցել ՀՀ Նախագահի՝ քաղաքական դաշտը մաքրելու հայտարարությունից, և Գագիկ Ծառուկյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից, նա ասաց.«Նախ՝ քաղաքականությունը պասիվ չի լինում: Իսկ գոհ է կամ դժգոհ՝ դա քաղաքական կատեգորիա չէ: Այսօր ես ընթերցել եմ պարոն Ծառուկյանի ելույթը, այնտեղ նա հստակ նշել է պատճառները, թե ինչու է դուրս գալիս, մենք հարգանքով ենք վերաբերում Գագիկ Ծառուկյանի որոշմանը, դա իր անձնական որոշումն է, ես ավելացնելու որևէ բան չունեմ»:
Նա հաջողություն մաղթեց նոր «Բարգավաճ Հայաստանին» և բոլոր քաղաքական ուժերին, իսկ ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ նախագահ դառնալու կապակցությամբ շնորհավորեց լրագրողական համույթին:
Ինչ վերաբերում է հարցին, թե քաղաքական կյանքում առաջիկայում նոր գործընթացներ են ձևավորվելու, Էդուարդ Շարմազանովն ասաց,որ քաղաքական կյանքում արդեն 20 օր է՝ նոր գորընթացներ են ձևավորվում:
«Եվ սա նորություն չէ, պարզապես այսօր արձանագրվեց այն, ինչի մասին վերլուծաբանները խոսում էին կամ առանձին քաղաքական գործիչներն իրենց հարցազրույցներում ասում էին»,-ասաց նա և ավելացրեց, որ իր համար անհասկանալի էր ԲՀԿ –ի այլընտրանք լինելը, ինչը , ըստ էդուար դ Շարմազանովի, քաղաքագիտական նոնսենս է. լինում են կա´մ ընդդիմություն, կա´մ իշխանություն:
Էդուարդ Շարմազանովը հակված չէր խոսել ԲՀԿ-ի մասին. «Եթե քննադատեմ, կասեն՝ ընկածներին խփում են, գովեմ, կասեն՝ «ձեր գրպարանային ընդդիմությունն է: Հիմա բերենք, ժամանակ տանք, տեսնենք, ահասկանաք, թե ինչ նախաձեռնություններ են իրականացնում, բայց ուզում եմ հասկանաք, որ իշխանությունը որևէ մեկի հետ անձնական հաշիվներ, անձնական խնդիրներ չունի: Մեր ողջ պայքարը եղել է երևույթների դեմ: Մենք իսկապես մարդկանց չենք քննարկում, մենք քննարկում ենք մարդու ասելիքը,ա յլ ոչ թե ասում ենք՝ քո սանրվածքը դուրս չի գալիս, դու վատն ես»,-ավելացրեց ՀՀԿ խոսնակը:
Անդրադառնալով «Հայ ազգային կոնգրեսին» ՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ ՀԱԿ-ը հատնվել է «քաղաքական օֆսայդում», իսկ մինչև 2017 թվականն ընդդիմության համար ներքին մրցապայքարի ժամանակաշրջան է:
Նա հավելեց, որ այս ողջ ընթացքում համոզվեցին, որ բոլոր արտահերթ ընտրությունների մասին կոչերը անիմաստ էին ու սխալ:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների անցկացման ժամկետին՝ ՀՀԿ խոսնակն ասա. «Քննարկումներից հետո հանրապետության Նախագահը որոշում կկայացնի: Նա նշել է, որ մինչև մարտ ամսվա վերջ իր վերջնական կարծիքը կհայտնի: Կոռեկտ չէ, որ ես այսօր խոսեմ դրա մասին, բայց կարծում եմ, որ մոտ ապագայում դուք շատ ավելի մանրամասն տեղյակ կլինեք, թե ինչ պրոցեդուրաներ կլինեն»:
Նա նշեց, որ իրենց նպատակը ո´չ միայն կուսակցության կարծիքն արտահայտելն է, այլ որ լինի քննարկում և կոնսենսուս, որի հիման վրա ՀՀ Նախագահը մարտ ամսվա ընթացքում իր կարծիքը կարտահայտի:
ՀՀԿ խոսնակը հայտարարեց, որ Գործադիր մարմնի այսօրվա նիստում նման հարց չի քննարկվել, և հավատացրեց, որ վերջնական քննարկում դեռ չի եղել: