ԲՀԿ-ից հեռանալու դիմում են ներկայարցել Նոր Հաճնի եւ Բյուրեղավանի քաղաքապետերը:
Համապատասխան հայտարարությունում ասվում է.
«Հաշվի առնելով ԲՀԿ վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը եւ կուսակցության վերակազմավորումը՝ ԲՀԿ Նոր Հաճնի տարածքային կառույցի նախագահ Գագիկ Մաթեւոսյանը /Նոր Հաճնի քաղաքապետ/ եւ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը դադարեցնում են կուսակցական գործունեությունը: Վերջիններս կշարունակեն կատարել քաղաքապետի իրենց պարտականությունները»:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, տեղի է ունեցել ԲՀԿ արտահերթ համագումարը, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Նա հրաժարվել է կուսակցության ղեկավարի պաշտոնից, հայտարարել է նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին:
Գագիկ Ծառուկյանն առաջարկել ԲՀԿ ղեկավարությունը վստահել Նաիրա Զոհրաբյանին: Վերջինս գրեթե միաձայն ընտրվել է ԲՀԿ վարչության նախագահ: Կուսակցության քաղխորհրդի քարտուղար է ընտրվել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը:
Վերջին օրերի ընթացքում ԲՀԿ խմբակցության 36 անդամներից կուսակցությունից հեռացել են 7-ը, այս պահին ԲՀԿ խմբակցությունում կա 29 պատգամավոր: