Մարտի 6-ն կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ Հայաստանում կուսակցական համակարգ չկա, խորհրդարանում կուսակցությունները ներկայացված են, բայց իրական քաղաքականության վրա ազդող ուժ չեն:
Նրա խոսքով՝ երկրում վերջին 2 շաբաթվա ընթացքում շարունակվող քաղաքական ինտրիգը ավարտվեց։ Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում վերջին խորհրդարանական ընտրություններից ծայր առած ներքին քաղաքականության այդ փուլը գտավ իր տրամաբանական ավարտը։ «Այն բանից հետո, երբ հանրապետականները զբաղեցրեցին բոլոր կարեւոր պաշտոնները, վրա հասավ այսպես կոչված կուսակցական համակարգի «նեկրոզը»։
Երեկ այդ գործընթացը գտավ իր ավարտը։ Ընդդիմադիր քաղաքական գործունեության տարածքն ազատվեց։ Արդյունքում իհարկե վրա կհասնի ապատիա, սակայն ավելի ակնհայտ է Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական խնդիրը. երկրին քաղաքական կուսակցությունների համակարգ է պետք, այն անհրաժեշտ է ստեղծել։ Դա շատ բարդ է, հետխորհրդային երկրներից եւ ոչ մեկին դեռեւս դա չի հաջողվել։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, հանրապետականները բոլոր քաղաքական միջոցառումներում կարող են շատ հեշտությամբ հաղթանակ տանել,- եզրափակեց քաղաքագետը։