Հայաստան 

ԲՀԿ-ին սպասվում է առողջություն. ԱԺ խմբակցությունները ԲՀԿ-ի մասին

Analitik.am-ը  հետաքրքրվեց ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորներից, թե , ըստ նրանց, ինչ է սպասվում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը:  

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյան պատասխանեց. “Այս պահին արդյոք որևէ մեկը կարող է ասել, թե ինչ է սպասվում ԲՀԿ-ին, ոչ, որովհետև սա իր կառուցվածքով կլինի այլ կուսակցություն: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես այն կձևավորվի, և թե ինչ ճանապարհ այն կընտրի և ուր կգնա: Մանավանդ, որ արդեն նրանք հայտարարել են, որ ընդդիմություն են: Արդյոք նրանց կհաջողվի պահպանել կուսակցությունը”:


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը հորդորեց այդ հարցով դիմել հենց   ԲՀԿ-ին:

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանն էլ լսելով մեր հարցը` միանգամից կախեց լսափողը, այնուհետև անջատեց հեռախոսը, ուստիև այլևս հնարավոր չեղավ նորից կապ հաստատել նրա հետ:

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը պատասխանեց. “ԲՀԿ-ին սպասվում է առողջություն”:


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ ասաց.  “Կարծում եմ՝ պետք է սպասենք: ԲՀԿ-ի համար ամեն ինչ առջևում է: ԲՀԿ-ն հայտնվել է քաղաքական նոր իրողությունում, մանավանդ, որ արդեն այսօր ԲՀԿ-ն արդեն քաղաքական այլընտրանք չէ, այլ ընդդիմություն”:

 


Օրինաց երկիր կուսակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ ճիշտ է համարում պահպանել էթիկայի կանոնները և չի խոսի այդ մասին՝ նշելով միայն, որ կուսակցությունը փոխել է իր ղեկավարին և հայտնի չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը սկզբում պատասխանեց, որ ԲՀԿ-ին սպասվում է բնականոն զարգացում, հետո հորդորեց ԲՀԿ-ի ճակատագրով հետաքրքրվել հենց ԲՀԿ-ից: “Եթե ինձ հարցնեիք ՀՀԿ-ից, ես կասեի, թե ինչ է սպասվում, ես ԲՀԿ-ի հետ  կապ չունեմ”, -պատասխանեց նա:

 

 

 

 

 

Նույն շարքից