Հայաստան 

Սերյան Օհանյանին մրցանակ հանձնեց Կարեն Ավագյանը

analitik.am

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին շնորհեց «Հայկյան- 2014» մրցանակ: «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ» անվանակարգում հայկյան մրցանակը նախարարին հանձնեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը եւ նկատեց. «Սովորաբար Դուք եք պարգեւներ հանձնում, թույլ տվեք խախտել ավանդույթը եւ այս անգամ Ձեզ հանձնել: Այս մրցանակի շնորհումը իրականում ոչ թե ինչ-որ անձի, կամ որեւէ հանձնաժողովի որոշում էր, այլ հենց երիտասարդների` Սեյրան Օհանյան գործչի նկատմամբ ունեցած գնահատանքի եւ շնորհակալության դրսեւորում»: Սեյրան Օհանյանը նշեց, որ «Հայկյան» մրցանակ ստանալն իր համար մեծ պատիվ է ու պատասխանատվություն՝ ավելի ուշադիր եւ հոգատար լինել երիտասարդների  նկատմամբ, հարգել նրանց անձնական արժանապատվությունը:

 

Խոսելով երտասարդական ոլորտում կատարված աշխատանքների եւ դրանց արդյունքների մասին՝ նախարարն ասաց. «Իմ համագործակցությունը երիտասարդական բոլոր կազմակերպությունների հետ կազմակերպում եմ որպես ամենամեծ երիտասարդական կազմակերպության ղեկավար: Մեր, ինչպես նաեւ հիմնադրամի նպատակը մեկն է՝ երիտասարդներին ավելի պատրաստված տեսնել, որպես եռանդուն, ավյունով լի աշխատունակ եւ օրինապաշտ քաղաքացիների»: Սեյրան Օհանյանի կարծիքով՝ բանակում կատարված բարեփոխումների արդյունքներն արդեն տեսանելի են. «2008-ից սկսած բարեփոխումների հիմնական ուղղությունը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է եղել: Նրանում մեծ տեղ է տրվել երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Համագործակցում ենք եւ՛ դպրոցների, եւ՛ այլ կրթական հաստատությունների, հասարակության տարբեր կազմակերպությունների հետ»: Հիմնադրամի հետ համագործակցությունը նախարարն արդյունավետ համարեց ու նշեց. «Ավանդական ծրագրերին զուգահեռ յուրաքանչյուր տարի ինչ-որ մի նորություն մտցնում ենք բանակի բարեփոխումների շրջանակներում եւ խնդրում ենք հիմնադրամին այն ոլորտներին ուշադրություն դարձնել, որը գտնում են անհրաժեշտ»:

 

Նույն շարքից