Հայաստան 

Արցախում ընտրությունները թեժ են լինելու.«Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է Երեկ ԼՂՀ-ում մեկնարկել է խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը:


Թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է մարտի 19-ին, ժամը 18.00-ին: Ընտրությունների ժամանակացույցի համաձայն՝ նախընտրական քարոզարշավը պետք է սկսվի ապրիլի 1-ից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ԱԺ ընտրություններում մտադիր են առաջադրվել «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՅԴ-ն, որն այսօր ղեկավարում է Արմեն Սարգսյանը` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Ընտրություններին կմասնակցի նաեւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որի ղեկավարը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն է:


«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հնարավոր է ընտրություններին մասնակցի նաեւ «Շարժում 88» ընդդիմադիր կուսակցությունը: Արցախում շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է՝ ընդդիմությունն առաջնորդի ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Մյուս տարբերակով էլ Սամվել Բաբայանը նման ցանկություն չունի, պարզապես ինչ-որ մարդիկ փորձում են շահարկել նրա անունը:


ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, որը ժամանակին Սամվել Բաբայանի ղեկավարած «Դաշինք» կուսակցության անդամ է եղել, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի վերադարձի վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի: Նշենք, որ առաջիկա 10 օրերին պարզ կդառնա, թե Բաբայանի վերադարձի մասին լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը:


Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի 3-ին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից