Հայաստան 

Փորձագետ. Փոքր բնիկ ժողովուրդների ոչնչացման գործընթացն այսօր, ըստ էության, նույնն է, ինչ հարյուր տարի առաջ

analitik.am

Վարդան Խաչատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ աշխարհում ցեղասպանության քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս:



«Փոքր բնիկ ժողովուրդների ոչնչացման գործընթացն այսօր, ըստ էության, նույնն է, ինչ հարյուր տարի առաջ։ Այն քաղաքական լծակ է դարձել»,– նշեց Խաչատրյանը։



Նրա խոսքով` համաշխարհային հանրությունն ամեն ցեղասպանությունից հետո հայտարարում է, որ նման բան այլևս չպետք է կրկնվի, լինի դա Հայոց ցեղասպանությունը կամ ավելի ուշ իրականացված ցեղասպանությունները։


«Ինչպես տեսնում ենք, այդ հանցագործություններն ամեն անգամ կրկնվում են»,– ասաց փորձագետը։


Նրա կարծիքով` այս տեսանկյունից պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն փաստին, որ Թուրքիայի պետական  քաղաքականության հետևանքով իրականացված ցեղասպանությունները, որոնցից ամենահայտնին Հայոց ցեղասպանությունն է, անպատիժ են մնացել։



Փորձագետը կարծում է նաև, որ հասարակությունը շատ սառն է վերաբերվում մարդկանց, այդ թվում կանանց և երեխաների ոչնչացման փաստին։ «Երևի արդարացի են այն ձևակերպումները, որոնց համաձայն` այն տեխնոլոգիական փոփոխությունները, որոնց մարդը հարմարվում է, փոխում են նրա աշխարհայացքը»,– նկատեց Խաչատրյանը։



Նա հիշեցրեց, որ Իսլամական պետության գրոհայինների սպանած 150 կանանցից 38-ը հղիներ էին։


«Գնդակահարությունն ինքնին սարսափելի հանցագործություն է, սակայն երբ նման գազանություն է իրականացվում հղի կանանց հանդեպ, և դրանից հետո որևէ լուրջ պատասխան չի լինում հասարակության կողմից, որպեսզի դադարեցվի այդօրինակ դաժանությունը, ապա բնական է, որ մարդկության դեմ իրականացվող այդ հանցագործությունները կշարունակվեն»,– ասաց փորձագետը։

Նույն շարքից