Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց. «Հայաստանի համար անարդյունավետ կլինի Ռուսաստան–Բելառուս և Ռուսաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների քննարկմանը մասնակցելը»։
Մարտի 12-13-ը Աստանա կմեկնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հանդիպելու համար։ Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների միջեւ առեւտրատնտեսական զարգացման հեռանկարները եւ եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից միտումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։ Երեք երկրների ղեկավարները պլանավորում են քննարկել փոխադարձ առեւտուրն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ի դեպ, այս եռակողմ հանդիպմանը չի մասնակցելու Հայաստանը։
«Ընդհանուր առմամբ հարցերը, որոնք վերաբերվում են համագործակցությանը Եվրասիական տնտեսական միությանը շրջանակներում, բնականաբար հանդես են գալիս որպես հետաքրքրության շրջանակներում գտնվող, այդ թվում նաև Հայաստանի համար: Այս տեսանկյունից բնականաբար մասնակցությունը ինչ-որ մի մակարդակում իհարկե կլիներ հետաքրքիր, բայց տվյալ պարագայում, եթե խոսքը գնում է երկկողմ հարաբերությունների շտկման մասին, մասնակցությունը կարող է լինել ոչ այդքան արդյունավետ»,– ասաց Մարկարովը։
Նրա խոսքով` եթե քննարկվում են երկկողմանի հարաբերություններ, ապա դա մի բան է, իսկ եթե քննարկվում են հարցեր, որոնք վերաբերում են կազմակերպությանը, տվյալ պարագայում ավելի նպատակահարմար է, որ քննարկմանը մասնակցեն բոլոր այն անդամ պետությունները, որոնք շահագրգռված են և հանդես են գալիս որպես շահագրգիռ կողմ տվյալ միասնության մեջ:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, վերջին ամիսների տնտեսական տվյալները ապացուցում են, որ Հայաստանի և հիմնականում Ռուսաստանի միջև շրջանառությունը հարաբերականորեն ավելի դրական միտում ունի, երբ համեմատում ենք ուրիշ երկկողմ հարաբերությունների հետ: Այսինքն` տվյալ դեպքում հանդիպման իմաստն այն է, որ Ռուսաստան-Բելառուս, Ռուսաստան-Ղազախստան փոխհարաբերությունների մեջ կան հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն»,– ասաց Մարկարովը: