ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ այսօր հրավիրվել էր հասարակական-քաղաքական քննարկում, որի թեման 2015 թվականի մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովն էր:
«Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստեփան Սաֆարյանը հարց բարձրացրեց, թե արդյոք մեզ այս անգամ թույլատրվելու է մեր ճակատագիրը որոշել:
«Ես մի փոքր վատատես եմ, որ Ռիգայում որևէ բան կստորագրվի»,- ասաց նա և նշեց, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու կամ չստորագրելու պատճառները քաղաքական են և պայմանավորված են քաղաքական իրավիճակով:
«Մենք կգնանք կասենք, որ կարևորում ենք Եվրոպայի հետ համագործակցությունը, որ մանկուց դա մեր երազանքն է, սակայն կստորագրենք այնպիսի փաստաթղթեր, որոնք կթելադրվեն Մոսկվայից»,-ասաց նա:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարևոր համարեց, թե որքանով է ԵՄ-ն հաշվի առնում մեր առանձնահատկությունները:Իրավապաշտպան Վարդան Հարությունյան չցանկացավ շեշտը դնել այն հարցի վրա, թե որքանով է մեր մշակույթը եվրոպական:
Նա նշեց, որ այսօր Հայաստանում ձևավորվել է մի իշխանություն, որը չունենալով երկրի ներսում բավականաչափ լեգիտիմության պաշար, ստիպված է լինում ենթարկվել արտաքին ճնշումներին` մասնավորապես ռուսական ճնշմանը:
ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը գտնում է, որ Հայաստանը պետք է վարի բալանսավորված արտաքին քաղաքականություն:
«Մենք մեր երկրի անվտանգությունը և ժողովրդավարությունը չպետք է դիտարկենք հակադրությունների մեջ»,-ասաց նա:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Անժելա Խաչատրյանը գտնում է, որ գագաթաժողովից առաջ մեր իշխանությունները պարտավոր են իրենց վրա պատասխանատվություն վերցնել և ներկայանալ որոշակի ծրագրով, նպատակներով: