Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը ԵՄ–ի հետ համագործակցության հարցում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ–ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին։
«Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ պետք է ընդունվեն կոնկրետ որոշումներ և ծրագրեր։ ԵՄ–ում կարծում են, որ Ռիգայի գագաթնաժողովի նպատակը պետք է դառնա գործընկերների որակավորումը, և ես հույս ունեմ, որ Հայաստանը, որն այս պահին բանակցությունների փուլում է, կհստակեցնի իր դիրքորոշումն ու ԵՄ–ի հետ համագործակցության շրջանակները» – նշեց դեսպանը։
Մայիսի 21–22–ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի կունենա հերթական գագաթնաժողովը ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում, որտեղ ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը։
Դեսպանը հիշեցրեց, որ նախորդ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը վերջին պահին հրաժարվեց ստորագրել ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը` նախընտրելով մեկ այլ տնտեսական միություն։
«Ցանկանում եմ ընդգծել, որ «Արևելյան գործընկերությունը» ծրագիր է, որին մասնակցում է ԵՄ–ն։ Իհարկե, այս ծրագիրը երկար ժամանակ է ստեղծվել։ Ծրագրի նախաձեռնողները եղել են Լեհաստանն ու Շվեդիան։ Ծրագրի նպատակն էր ընդլայնել ընդհանուր արժեքները հարևան պետությունների ինտեգրման միջոցով», – ընդգծեց Նովակովսկին։