Հայաստան 

Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ հետ բոլոր հարթություններով համագործակցությունը. ԱԳՆ

Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ հետ բոլոր հարթություններով համագործակցությունը: Այս մասին մարտի 11-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։



Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի խափանմանն ուղղված քաղաքականությանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց.



«Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ հետ բոլոր հարթություններով համագործակցությունը եւ այն որպես կառուցողական քննարկումների հարթակ օգտագործելու փոխարեն հանդգնում է օգտագործել կազմակերպությունը՝ իր նեղ քաղաքական օրակարգը առաջ մղելու նպատակով: Ձեզնից ոմանք ականատես են եղել, թե ինչպես Ադրբեջանը սպառնաց վետո դնել ԵԱՀԿ ամբողջ բյուջեի վրա, եթե միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար որեւէ ֆինանսավորում հատկացվի: Եվ սա միակ դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձել է կաթվածահար անել կազմակերպության աշխատանքները:


Նույնը տեղի է ունենում գրեթե յուրաքանչյուր Նախարարական խորհրդի նախապատրաստական փուլում, երբ Ադրբեջանը պատանդ է դարձնում մեր համատեղ որոշումները՝ փորձելով պարտադրել իր նեղ նպատակները: Նույն կերպ Ադրբեջանը, իջեցնելով Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը, միեւնույն ժամանակ փորձեց խոչընդոտել հարեւան երկրներում դաշտային առաքելությունների աշխատանքը: Վերջապես, Ադրբեջանը, զբաղվելով ինքնախաբեությամբ, Մշտական խորհրդի յուրաքանչյուր օրակարգ մտցնում է շինծու կետեր:



Ադրբեջանական սադրանքները արտահայտվել են նաեւ մշտական ագրեսիվ, ռազմատենչ հռետորաբանությամբ եւ հակահայկական ատելության քարոզով: Բազմաթիվ անգամներ Ադրբեջանի ղեկավարությունը սպառնացել է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով եւ հայտարարել, թե Հայաստանը եւ իր հինավուրց մայրաքաղաքը ադրբեջանական տարածքներ են: Ադրբեջանում այն լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները եւ մտավորականությունը, ովքեր խաղաղության եւ հաշտեցման ջատագովներ են, բոլորը հետապնդվում են որպես «հայկական լրտեսներ»: Ադրբեջանը պատժում է նրանց, ովքեր համարձակվում են մտածել հաշտեցման մասին եւ խրախուսում նրանց, ովքեր հայերի հանդեպ հանցագործություններ են իրականացնում:


Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին եւ անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է առաջարկները, որոնք արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հիմնված համանախագահ երկրների առաջարկների վրա:



Բանակցություններում ներգրավվելու փոխարեն՝ Բաքուն փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելու նպատակով ներկայացնել սեփական գաղափարները՝ որպես համանախագահների առաջարկներ, խեղաթյուրում է հակամարտության եւ բանակցային գործընթացի էությունը եւ արշավ է իրականացնում Մինսկի խումբը հեղինակազրկելու նպատակով: Շարունակաբար քննադատվում է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Բախվելով այս իրականությանը՝ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին հարկադրված էին հիշեցնել Ադրբեջանի արտգործնախարարին իրենց մանդատի մասին եւ «մտահոգություն հայտնեցին ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների առնչությամբ քննադատության վերաբերյալ»:

Նույն շարքից