Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հաստատեց այն տեղեկատվությունը, որ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ հանդիպել է Դաշնակցության ներկայացուցիչների հետ:
«Ավելին՝ մեր առաջարկությունները գրեթե ամբողջությամբ իրացման ենթակա են, ճանապարհային քարտեզը և ժամկետները դեռ քննարկման փուլում են»,- ասաց Մինասյանը՝ հիշեցնելով, որ հրապարակված է մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված հայեցակարգը, և իրենք էլ հայեցակարգի վերաբերյալ հրապարակել են ՀՅԴ առաջարկություններն ու առարկությունները։
Մինասյանն ընդգծեց՝ այն, որ սահմանադրական փոփոխությունների ահրաժեշտություն կա և այս հարցում լիակատար համաձայնություն է ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի միջև։ Ըստ նրա՝ տեսակետները մեծավմասամբ համընկնում են նաև քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման, դատական համակարգերի, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգ ունենալու և այլ հարցերում:
Մինասյանը նկատեց, որ հաճախ սահմանադրական փոփոխությունները ներկայացնում են որպես մեկ ամբողջություն, բայց առանց մանրամասների. «Կենտրոնական տեղում կառավարման համակարգի փոփոխությունն է, այն որ խորհրդարանի ընտրությունների հիմքը 100% համամասնական ընտրակարգն է, այստեղ առարկություն չկա, ժամկետների առումով կան քննարկումներ, որոնք դեռևս վերջնականացված չեն»,- նշեց նա: